Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այս պահին իրենք չեն տեսնում նոր սահմանափակող միջոցների ներդրման անհրաժեշտություն՝ կապված նոր Օմիկրոն կորոնավիրուսային շտամի տարածման հետ։ Ինչպես պարզաբանել է գերատեսչության ղեկավար Սաջիդ Ջավիդը, սահմանափակող միջոցները «բարձր գին ունեն տնտեսական տեսանկյունից»։
Տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նախարարն ասել է, որ նոր սահմանափակումների մասին որոշում կայացնելիս իշխանությունները պետք է չափազանց զգույշ լինեն։ Նա նաև հույս է հայտնել, որ բրիտանացիների կողմից կհարգվեն ներկայիս միջոցները, ինչը թույլ կտա գիտնականներին և բժիշկներին ավելի շատ ժամանակ շահել նոր շտամի ուսումնասիրության համար։
Ներկայումս Մեծ Բրիտանիա ժամանող յուրաքանչյուր ոք պետք է անցնի PCR թեստ և ինքնամեկուսացվի մինչև պատասխանի ստացումը։