74-ամյա ֆրանսիացի քաղաքական գործիչ, պաշտպանության նախկին նախարար, այժմ արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Ռուսաստանին անվանել է բարդ հարևան, բայց միևնույն ժամանակ հանդես է եկել Մոսկվայի հետ երկխոսության օգտին:
«Երբեմն հարևաններն անտանելի են լինում, կան հարևաններ, որոնք նյարդայնացնում են քեզ, բայց նրանք մնում են քո հարևանը»,- ասել է Լե Դրիանը RTL-ի եթերում։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանը հարևան է և «տեղափոխվելու» մտադրություն չի հայտնել։ Այս առումով նա հորդորել է փնտրել համատեղ գործելու բոլոր ուղիները՝ հօգուտ ընդհանուր շահերի։
«Հետևաբար, ամեն դեպքում, մենք պետք է շարունակենք խոսել այս հարևանի հետ»,- հավելել է Լե Դրիանը։
Որպես օրինակ նա բերել է «2 + 2» ձևաչափով Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հանդիպումը։ Նրա խոսքով, չի կարելի ասել, որ այս հանդիպումը շատ լավ է անցել, բայց գլխավորն այն է, որ այն կայացել է։
Ֆրանսիացի նախարարը հերթական անգամ հանդես է եկել երկխոսության օգտին։