E-draft իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում երեկ հայտնվել է օրենքի մի նախագիծ, որով նախատեսվում է «Պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքում» փոփոխություններ կատարել։
Նախագծի հիմնավորման մեջ արդեն պարզ է դառնում, որ խոսքը նորաստեղծ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների վարձատրությունն ու հավելավճարները սահմանելու մասին է։
Կոմիտեն, համաձայն օրենքի, պետք է գործարկվի հնարավորինս սեղմ ժամկետներում ու կառավարությունում հասկացել են, որ նորաստեղծ կոմիտեի աշխատակիցներին վարձրատրելու համար անհրաժեշտ է օրենքի լրացումներ կատարել։
Ըստ գործող օրենքի՝
1․ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողը դասային աստիճանի համար ստանում է հավելավճար։
2․ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողին՝ որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձ, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի հարյուր տոկոսի չափով:
Սակայն կոմիտեի աշխատակիցներին դուր չի եկել այն փաստը որ Հակակոռուպցիոն կոմիտեում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցների համար հավելավճար վճարելու գործիքակազմում ստաժի հաշվարկման կարգը բաց է թողնված:
Սա դիտվում է որպես խտրականություն, ու նշվում է, որ կոմիտեի աշխատակիցներն կարող են ունենալ նման սոցիալական երաշխիքից օգտվելու լեգիտիմ ակնկալիք։
Ու ամենահետաքրքիր կետը․ նշվում է, որ կոմիտեի աշխատակիցները շուտով ունենալու են աննախադեպ ծանրաբեռնվածություն ու անհրաժեշտ է նրանց մոտիվացնել։ Հենց սա էլ հանդիսանում է օրենքի նախագծի մեխը։
Այստեղից կարելի է ենթադրել, որ կոմիտեի գործարկումից անմիջապես հետո կարող են սկսվել լուրջ գործընթացներ հատկապես քաղաքական հակառակորդների նկատմամբ՝ կոռուպցիոն սկանդալներից ու ձերբակալություններից ընդհուպ ունեզրկում։ Ու կարելի է ենթադրել, որ շուտով կոմիտեում աննախադեպ ծանրաբեռնվածությունից բացի, կարող ենք տեսնել նաև պարգևավճարների աննախադեպ աճ։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ խնդիրներ կան նաև Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի վարձատրության կարգում։ Բանն այն է, որ կոմիտեի նախագահի վարձրատրության ժամկետը նշվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, թեև կոմիտեի նախագահն արդեն նշանակվել է ու որոշել են սրան տալ հետադարձ ուժ։ Այսինքն՝ դեռ չձևավորված կոմիտեն արդեն ունի նախագահ, որը գումար է ստանալու պետբյուջեից փաստացի նաև չաշխատած օրերի համար։
Նախագծում նշվում է նաև, որ օրենքի ընդունման հետ կապված բյուջեում որևէ փոփոխություն չի նախատեսվում, քանի որ այն նախատեսված է եղել ՀՀ Կառավարության «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով։
Ամփոփում․ Ըստ էության, շուտով սպասվում են կոռուպցիոն սկանդալաներ ու ռեպրեսիաներ ու այս օրենքով փորձ է արվում շահագրգռել հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին։
Մի քանի հետաքրքիր փաստ․ Օրենքի նախագիծը մշակվել է Հակակոռուպցիոն կոմիտեում։
Ի դեպ, նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատակիցները գործ են ունենալու ռազմավարական փաստաթղթերի հետ, որը նշվում է որպես առավելություն, իսկ ռազմավարական փաստաթղթերի շարքում նշված էր նաև Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Հայաստան 2050» նախագիծը, որից մի քանի օր հետո պատերազմ սկսվեց, ու նշված կետերի մեծամասնությունը պարզապես հօդս ցնդեցին։
Աղվան Ասոյան