Իսկ ո՞ւմ են սպասում ընդդիմադիրները
copy image url

Իսկ ո՞ւմ են սպասում ընդդիմադիրները

Միտք 3 տարի առաջ - 22:37 16-10-2021

Հետաքրքիր է, թե Հայաստանի գործող իշխանությունն էլ ի՞նչ պետք է անի, որ ընդդիմադիր գործիչներն անցնեն ավելի ազդեցիկ, կտրուկ պայքարի: Պլանավորված պարտվեցին, կապիտուլյացիան ստորագրեցին, արտաքին պարտքը կտրուկ մեծացրին, կորոնավիրուսի դեմ պայքարը տապալեցին, անօրինական որոշումներով մարդկանց ստիպեցին թեստեր հանձնել և պատվաստվել, սահմանին զինվորի ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԿՅԱՆՔՆ ապահովել չեն ուզում կամ չեն կարող, բայց ցույց են տալիս՝ իբր պայքարում են մյուսների ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ համար, արտաքին հարաբերություններում էլ՝ առանց թաքցնելու առաջ են տանում միայն թուրքերին ձեռնտու օրակարգ:

Սա գործող իշխանության մեղքերի ամբողջական ցուցակը չէ, մի փոքր մասն է, բայց նույնիսկ այս պարագայում, երբ իշխանությունն ընդդիմության համար արդյունավետ գործելու այսքան լայն դաշտ է բացել, ինչո՞ւ ընդդիմությունը չի անցնում ավելի տեսանելի, ազդեցիկ պայքարի: Է՞լ ինչ պետք է անի իշխանությունը:

Արդեն վաղուց հանրային դժգոհությունը կա, որը պետք է մեկտեղել և քաղաքականացնել: Հայաստանի քաղաքական դաշտում ստեղծվել է տարօրինակ մի իրավիճակ, երբ ընդդիմության դաշտը զբաղեցնողները մեկը մյուսի հետևից բաց են թողնում փողոցի միջոցով գործող իշխանությունների դեմ լայնածավալ պայքար սկսելու առիթները՝ ճիշտ այնպես, ինչպես նոյեմբերի 9-ից հետո 17 կուսակցությունները համատեղ ջանքերով մսխեցին իշխանափոխության իրական հնարավորությունը:

Ընդ որում՝ այսօր գոնե խորհրդարանական ընդդիմությունն ունի անհրաժեշտ գրեթե բոլոր ռեսուրսները ծավալուն քաղաքական գործընթաց սկսելու համար՝ թե՛ ֆինանսական, թե՛ կազմակերպչական, թե՛ մարդկային: Ներսում՝ կադային ճիշտ քաղաքականություն, իսկ դրսում՝ լայն շրջանակներ համախմբելուն ուղղված գործողություններ իրականացնելու արդյունքում հնարավոր է սկսել ծավալուն քաղաքական պայքար:

Հակառակ դեպքում, եթե դա տեղի չի ունենում, առաջանում է մի իրավիճակ, որ կա ընդդիմություն, որը ձեռնտու է Ն. Փաշինյանին, և ՄԻԱՅՆ Ն. Փաշինյանին: