ՏԻՄ ընտրություններին Գորիսում իշխանությունները ջանք չեն խնայել, որ Առուշ Առուշանյանը հնարավորություն չունենա ֆիզիկապես ներկա գտնվելու.Աննա Գրիգորյան
copy image url

ՏԻՄ ընտրություններին Գորիսում իշխանությունները ջանք չեն խնայել, որ Առուշ Առուշանյանը հնարավորություն չունենա ֆիզիկապես ներկա գտնվելու.Աննա Գրիգորյան

Խոսք 3 տարի առաջ - 12:54 08-10-2021

Հոկտեմբերի 17-ին տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, այդ թվում՝ Գորիսում, և այս իշխանությունները ջանք չեն խնայել, որ Առուշ Առուշանյանը հնարավորություն չունենա ֆիզիկապես ներկա գտնվելու: Ակնհայտ է, որ քաղաքական հետապնդում է իրականացվում Առուշանյանի նկատմամբ: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Ըստ պատգամավորի՝ քարոզարշավի ընթացքում այդ գործընթացը նոր երանգներ է ստանում, և իշխանությունը ոչ թե քարոզչություն է իրականացնում, այլ հակաքարոզչություն՝ փորձելով արատավորել Առուշանյանի բարի համբավը և վարկը:

«Հասել ենք նույնիսկ նրան, որ ՔՊ պատգամավոր Արմեն Խաչատրյանը փորձում է հարցականի տակ դնել Առուշանյանի՝ մարտական գործողություններին մասնակցելու փաստը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Արմեն Խաչատրյանն ու իր մյուս գործընկերները Արցախյան պատերազմի ընթացքում ԱԺ-ից գումար էին վերցնում, որ հասնեն Սյունիք և Արցախ:

«Խաչատրյանի կողմից շատ բարձրագոչ հայտարարություններ են հնչում, և պետք է հասկանալ՝ ՔՊ պատգամավորն ինչ լիազորությունների շրջանակում է ակտիվ քարոզարշավ իրականացնում»,-ասաց Գրիգորյանը:

Նա նաև հավելեց. «Շատ վտանգավոր մի թեզ էլ է շրջանառվում, որ եթե Առուշ Առուշանյանին ընտրեն, միևնույն է, դուրս չի գալու, մնալու է կալանքի տակ: Այսինքն՝ իրենք են սկսել որոշել՝ ով պետք է մնա կալանքի տակ, ով պետք է դատապարտվի, ով՝ ոչ: Սա անընդունելի է»,-ասաց պատգամավորը: