Դերասան Ուիլ Սմիթը GQ պարբերականին տված հարցազրույցում պատմել է Ջադա Փինքեթի հետ իր «բաց ամուսնության» մասին:
Նրա կինն արդեն պատմել էր, որ ամուսնության ընթացքում ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել ռեփեր Ավգուստ Ալսինի հետ: «Մարդիկ ընտրում են մոնոգամիան և կարծում են, որ սա միակ ճանապարհն է հարաբերություններում կատարելության հասնելու համար: Երջանիկ լինելու միակ ճանապարհը ճշմարտությանը ձգտելն է: Կարծես թե մենք եկել ենք համաձայնության, որ բնականությունը ազատագրումն է փառքի և սոցիալական վերահսկողության կապանքներից», - կիսվել է Սմիթը, հավելելով, որ ճշմարտությունն ասելով կարելի է ազատվել այն ապրումներից, թե ինչ-որ մեկն այն կիմանա:
Նա նշել է, որ Ջադան ընտանիքի անդամներ է ունեցել, որոնք նույնպես ոչ ավանդական հարաբերությունների մեջ են եղել: «Մենք միմյանց վստահություն և ազատություն տվեցինք, հավատալով, որ յուրաքանչյուրը պետք է գտնի իր ճանապարհը: Ամուսնությունը չպետք է բանտ լինի», - ասել է նա, շեշտելով, որ ինքը նման հարաբերություններ չի քարոզում:
Ի դեպ, Ջադան և Ուիլը ծանոթացել են 1990 թվականին, իսկ ամուսնացել են 1997 թվականին: Մեկ տարի անց ծնվեց նրանց որդին՝ Ջեյդենը, իսկ 2000 թվականին՝ դուստրը՝ Ուիլոուն: