Էրդողանի այցն ու հետնյույորքյան կրքերը Թուրքիայում
copy image url

Էրդողանի այցն ու հետնյույորքյան կրքերը Թուրքիայում

Միտք 3 տարի առաջ - 20:16 27-09-2021

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի հերթական նստաշրջանի բացումն անցյալում է։ Ի թիվս մյուս ղեկավարների՝ այն երկար սպասված էր նաև Թուրքիայի համար, քանի որ նախագահ Էրդողանի ելույթից զատ՝ նախատեսվում էր նաև Թուրքական տան (Türkevi) բացում և թուրք-ամերիկյան հարաբերությունների վերալիցքավորում։

Թուրքական տան երկնաքերը, որ գտնում է ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց, հյուրընկալելու է Նյու Յորքում Թուրքիայի Գլխավոր հյուպատոսությանն ու ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչությանը։ Ճարտարապետության ժամանակակից լուծումների և սելջուկյան զարդանախշերի մոտիվներով կառուցված երկնաքերում է տեղակայվելու նաև Թուրքիայի պատմության և մշակույթի պատկերասրահը։

Նստաշրջանի բացման ելույթը․ Համաշխարհային խաղաղության հաստատման համատեքստում Էրդողանը հանգամանորեն անդրադարձել է իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը՝ նշելով, որ շարունակվում է պաղեստինցիների հետապնդումը՝ վտանգելով Մերձավոր Արևելքի անվտանգությունը։ Կարևորելով բռնազավթմանը վերջ տալու հետևողական ջանքերը՝ Էրդողանը հանդես է եկել ՄԱԿ-ի 1947 թվականի բանաձևի օգտին՝ խոսելով երկու պետության հայեցակարգի վերակենդանացման և խաղաղության գործընթացի վերասահմանման հրատապ խնդիրների մասին։ Ըստ էության, Թուրքիայի նախագահն առաջարկում է Պաղեստին պետության անկախություն, որի միջազգայնորեն ճանաչված սահմանները կհամապատասխանեն 1967 թվականի նախապատերազմյան սահմաններին, իսկ մայրաքաղաք կհռչակվի Երուսաղեմը։

Անդրադառնալով աֆղանական միգրացիոն ճգնաժամի խնդիրներին՝ Էրդողանը նշել է, որ սիրիական քաղաքացիական պատերազմի տարիներին Թուրքիան փրկել է մարդկության արժանապատվությունը, սակայն այլևս ի վիճակի չէ հյուրընկալելու փախստականների նոր հոսքի։ Ըստ էության, թեպետ Թուրքիայի նախագահը այս հարցում արտաքուստ հանդես է գալիս պատասխանատվության համաչափ բաշխման սկզբունքի օգտին՝ հիշատակելով Ժնևի կոնվենցիան, իրականում նկատի ունի, որ նախ՝ աֆղանստանցիները Թուրքիայի համար պակաս նշանակություն ունեն, քան սիրիացիները, և երկրորդ՝ սիրիացի արաբների միգրացիոն ճամբարների համար Թուրքիան Արևմուտքից միլիարդավոր դոլարներ և ազդեցության լծակներ է ստացել, մինչդեռ Աֆղանստանի դեպքում նման հնարավորություններ առկա չեն։

Բայցևայնպես, թեպետ Էրդողանն իր ելույթում անդրադարձել է նաև Արցախյան 2-րդ պատերազմին ու կլիմայական փոփոխությունների խնդիրներին, սակայն Թուրքիայի նախագահի ելույթի ամենաշահարկված հատվածը վերաբերում է Ուկրաինային։ Ըստ Էրդողանի՝ Թուրքիան ճանաչում է Ուկիաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ դեմ արտահայտվելով Ղրիմի, այսպես կոչված, բռնազավթմանը։ Ռուսաստան կատարվելիք այցին ընդառաջ բարձրաձայնված ուղերձներից զատ՝ Էրդողանն, անշուշտ, ոչ թե փորձել է հաճոյանալ միջազգային հանրությանը, կամ, առավել ևս, Ուկրաինային, այլ իր աջակցությունն ու հեռահար նպատակներն ու հավակնություններն է հայտնել Ղրիմի թաթարների հասարակական-քաղաքական կարգավիճակի ընդլայնման, ինչպես նաև դերի և նշանակության վերաձևակերպման հարցում։

Մյուս կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղրիմի թաթարներից ու պաղեստինյան արաբներից զատ՝ Էրդողանը հիշատակել է նաև Չինաստանի ույղուրներին և Մյանմայի ռոհինջաներին, կարելի է եզրակացնել, որ Թուրքիայի առաջնորդը հերթական անգամ փորձում է ստանձնել ոչ միայն թյուրքական աշխարհի, այլև մուսուլմանական Արևելքի ղեկը։

Ամենևին զարմանալի չէ, որ Էրդողանի նյույորքյան այցից հետո պետական հեռուստաընկերություններն ու սոցիալական մեդիան առավել շատ շրջանառում ու գովազդում էին ոչ թե այս թեմաների վերաբերյալ նախագահի ելույթը, այլ Հյուսիսային Ամերիկայի Մուսուլմանական դաշինքի առաջնորդ և Նյու Յորքի բրուքլինյան մզկիթի իմամ Սիրաջ Վահաջի ելույթի հոլովակը․ հանդես գալով Թուրք-ամերիկյան ազգային ղեկավար մարմնի (TASC) խորհրդաժողովին՝ Վահաջը ոգևորությամբ նշել էր, որ Էրդողանը ոչ միայն Թուրքիայի, այլև մուսուլմանական աշխարհի առաջնորդն է։

Թուրքական տան բացումը Թուրքական իշխանությունները Թուրքական տան և հողամասի տարածքը ձեռք են բերել դեռևս 1977 թականին։ Այսօր 171 մ բարձրությամբ 35 հարկանոց երկնաքերը, որը զբաղեցնում է 20 հազար քառակուսի մետր, գնահատվում է ընդհուպ 1,5 միլիարդ ԱՄՆ դոլար։

Երկնաքերի բացումը Թուրքիայում դարձել է թեժ քննարկումների առարկա. ընդդիմադիրները նշում են, թե երկնաքերի կառուցումը ավելորդ ճոխություն էր տնտեսության զարգացման տեմպերի թուլացման պայմաններում, իսկ իշխանամետները պնդում են հակառակը՝ երկնաքերը համարելով Թուրքիայի հեղինակության աճի և քաղաքացիների հպարտության խորհրդանիշ։ Ընդդիմադիրների համար շինության խնդիրն առիթ է դարձել կապելու հասարակական մեկ այլ խնդրի հետ։ Մասնավորապես, հոկտեմբերին համալսարաններում մեկնարկում է ուսումնական տարին, մինչդեռ լեցուն հանրակացարանների և վարձակալությամբ տրվող բնակարանների բարձր ամսավճարների պատճառով բազմահազար ուսանողներ հայտնվել են դրսում։

Երկնաքերի բացումը դժգոհություն է առաջացրել նաև սեկուլյարիստների շրջանում։ Պատճառն այն է, որ շինության բացման հանդիսավոր արարողության ընթացքում ելույթ են ունեցել ոչ միայն նախագահ Էրդողանը, արտգործնախարար Չավուշօղլուն և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերրեշը, այլև Թուրքիայի Կրոնական գործերի վարչության նախագահ Ալի Էրբաշը, որի անունը վերջին շրջանում չափազանց հաճախ է շրջանառվում նկատելի գործունեության, հպարակային հայտարարությունների և հանրային մեծ հնչեղություն ունեցող աշխարհիկ միջոցառումներին մասնակցելու տեսանկյունից։ Երկնաքերի բացումից առաջ Էրբաշը ներկա էր գտնվել Վճռաբեկ դատարանի (թուրքերեն՝ Yargıtay) նոր շենքի բացման արարողությանը` Էրդողանի և Յարգըթայի նախագահի հետ աղոթելով Աստծուն, որ դատարանն օգտակար լինի ժողովրդին ու պետությանը։ Իրադարձությունը մեծ սկանդալի էր վերածվել, քանի որ իշխանությունը հերթական անգամ մեղադրվում էր հոգևորականության հետ սերճատելու, դատա-իրավական համակարգի աշխարհիկ բնույթը տապալելու և իսլամը քաղաքականացնելու մեջ։ Ըստ էության, Յարգըթայում և Նյու Յորքում Էրբաշի անմիջական ներկայությունն ուղերձ էր տեղի և միջազգային հանրության այն մասին, թե զարգացման ինչ ուղղությամբ է շարժվում նոր Թուրքիան։

Իսլամամետության և աշխարհիկության նման դիսկուրսը մեկդարյա շրջապատույտի մեջ է, բայց սա այն է, ինչն առավելապես է հատուկ թուրքական քաղաքականության բնույթին։ Երբ կողմերից որևէ մեկը փորձում է գնահատական տալ սոցիալական այս կամ այն իրողությանը կամ դիրքորոշում արտահայտել, հակառակ թևն անմիջապես հանդես է գալիս մերժողական հատու քննադատությամբ՝ չփորձելով գտնել համագործակցության կամ ընդհանուր տեսակետի հատվող որևէ եզր։ Ընդ որում, գրեթե այդպիսին են նաև թուրքագետ-հետազոտողների ըմբռնումները․ առավել ազատական հայացքներ ունեցողները, որպես կանոն, պաշտպանում են քեմալական CHP-ի գաղափարները, մինչդեռ պահպանողական փորձագետները նախապատվությունը տալիս են իշխող AKP-ի քաղաքականությունը դրական լույսի ներքո մեկնաբանելուն։ Այլ կերպ ասած, ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, յուրաքանչյուրն ընտրում և հավատարմորեն հետևում է այս կամ այն կողմին՝ ելնելով իր կենսադիրքից և փորձառությունից։ Սա անվերջանալի պայքար է ժամանակակից Թուրքիայի ներսում՝ երկու կայացած գաղափարախոսությունների ռևանշիզմ, որոնցից յուրաքանչյուրն ունի գրեթե հավասար թվով հետևորդներ։ Ընդ որում, հենց գաղափարակիրների և հնարավորությունների հավասարությունն է պատճառը, որ ամեն պատեհ առիթով կարողանում են վրեժ լուծել միմյանցից, սակայն կողմերից և ոչ մեկին չի հաջողվում վերջնականապես առավելության հասնել մյուսի նկատմամբ։ Այս մրցապայքարն, անշուշտ, հաճախ դառնում է ներքաղաքական ճգնաժամերի և անհանդուրժողականության մթնոլորտի ձևավորման պատճառ, սակայն հենց այս բևեռների անզիջում պայքարն է, որ թուրքական քաղաքական միտքը մշտապես պահում է տոնուսում։

Էրդողանի այցից և Էրբաշի ելույթից հետո Թուրքիայում մեծ արդիականություն է ձեռք բերել այն հարցը, թե ինչ է սպասվում Էրդողանից հետո, ինչ ճակատագրի է արժանանալու իսլամամետ բնակչությունը և արդյոք սեկուլյարիստների կողմից տեղի է ունենալու կրոնամետ զանգվածի նկատմամբ ընդգծված խտրականություն։ Այս բանավեճի մեջ ներքաշվել են «DEVA» և «Saadet» կուսակցությունների նախագահներ Ալի Բաբաջանն ու Քարամոլլաօղլուն։ Ըստ Բաբաջանի՝ Թուրքիայում անցել են այն ժամանակները, երբ նման երևույթները կարող էին հնարավոր լինել, քանի, որ, ըստ քաղաքական գործչի, ժողովուրդն ինքը թույլ չի տա հասարակության այս հատվածի նկատմամբ տարբերակված վերաբերմունք, և սա, իհարկե այնքան ժամանակ, քանի դեռ կենդանի է ժողովրդավարությունը։

Քարամոլլաօողլուն համակարծիք է Բաբաջանի հետ։ Ըստ նրա՝ նման բան տեղի ունենալ չի կարող, քանի որ իրենք պետք է հավասար իրավունքներ և ազատություններ ապահովեն բոլորի և ոչ թե մարդկանց որոշակի խմբի համար։ Կարևոր է առանձնապես նշել այն հանգամանքը, որ Քարամոլլաօղլուն շատ ավելի է հեռուն է գնում իր հայտարարություններում՝ ի տարբերություն Բաբաջանի։ «Saadet» կուսակցության նախագահը չի զլանում հիշեցնել, որ ժամանակին բնակչության կրոնասեր հատվածը խտրական վերաբերմունքի է արժանացել, իսկ այդ քաղաքականությունը մատուցվել է որպես լայիցիզմ։ Հրաշալի գիտակցելով, որ «լայիցիզմ» եզրույթն անգամ թուրքերի շրջանում ընկալվում է որպես քեմալական պաշտամունքի անձեռնմխելի ատրիբուտ, Քարամոլլաօղլուն զգուշավորությամբ փորձում է համապատասխան բառեր փնտրել տարընթերցումից խուսափելու համար։ Ըստ քաղաքական գործչի՝ լայիցիզմն այլ նշանակություն ունի․ լավագույն մեկնաբանմամբ այն կրոնի ազատությունն է, և թուրքերը պետք է միասին ապրել սովորեն՝ հակառակ բազում տարբերությունների, մինչդեռ Թուրքիան այս առումով դեռևս չի հասունացել։ Բայցևայնպես, որքան էլ Քարամոլլաօղլուն փորձի բառամթերքի ընտրությամբ կոծկել իր ուղերձների ենթատողերը, բավարարվել է միայն նշել, որ իր գլխավորած «Saadet» կուսակցությունն իրականում քաղաքական բազմազանության կողմնակից չէ և սերում է իսլամիզմի մեղադրանքով օրենքից դուրս ճանաչված այնպիսի քաղաքական ուժերից, ինչպիսիք են Fazilet, Refah, Milli Selamet («Ազգային փրկություն») կամ Milli Nizam («Ազգային կարգ») կուսակցությունները։ Ընդ որում, հիշատակված բոլոր չորս կուսակցությունները հիմնադրել և ղեկավարել է 1996-97 թվականներին Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցրած Նեջմեթթին Էրբաքանը։ Վերջինս Թուրքիայում հայտնի է որպես քաղաքական իսլամի հիմնադիր և նախագահ Էրդողանի գաղափարական հայր, ով գործուն աջակցություն է ցուցաբերել AKP-ի ձևավորման և իշխանության գալու աշխատանքներում։