Ֆրանսիայի առողջապահության նախկին նախարար Ագնես Բուզինը դատվում է, դատարանը պետք է գնահատի կորոնավիրուսային համաճարակի սկզբում նրա գործողությունները: Այս մասին հայտնում է France 24 հեռուստաալիքը:
Նիստի ժամանակ դատախազը նշել է, որ Բուզինը դատվում է «այլ մարդկանց կյանքի համար սպառնալիք ստեղծելու» մեղադրանքով: Նախկին նախարարն իր հերթին ասել է, որ վարույթը «ինձ համար բացատրելու և ճշմարտությունը հաստատելու մեծ հնարավորություն է»:
«Ես թույլ չեմ տա վարկաբեկել կառավարության կամ իմ՝ որպես նախարարի գործողությունները, երբ մենք այդքան բան ենք արել մեր երկիրը համընդհանուր առողջապահական ճգնաժամին նախապատրաստելու համար, որը դեռ շարունակվում է»,- ասել է նա:
2020 թ. հունվարին՝ համաճարակի սկզբում, Բուզինը հրապարակայնորեն հերքել է Ֆրանսիայում SARS-CoV-2-ի հավանականությունը, իսկ դրանից հետո խոսել մարդուց մարդուն վիրուսի փոխանցման նվազագույն ռիսկի մասին: