Կուբան դարձել է աշխարհում առաջին երկիրը, որն սկսել է պատվաստել երեխաներին երկու տարեկանից: Պատվաստումների համար օգտագործվում են Abdala և Soberana տեղական պատրաստուկները: Դրանք դեռ չեն ճանաչվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից:
Կուբայում համաճարակի պատճառով դպրոցները գրեթե չեն վերաբացվել 2020 թվականի մարտից: Նոր ուսումնական տարին երկրում սկսվել է սեպտեմբերի 6-ին: Ուսուցումն իրականացվում է հեռուստատեսությամբ, քանի որ ընտանիքների մեծ մասը ինտերնետ հասանելիություն չունի: Կուբայի իշխանությունները ակնկալում են, որ հոկտեմբերից դպրոցները կվերաբացվեն փուլ առ փուլ, եթե մինչ այդ բոլոր երեխաներն ու դեռահասները պատվաստվեն:
Կուբան չի գնել ներմուծվող պատվաստանյութեր և չի մասնակցել COVAX օգնության ծրագրին, որի համաձայն՝ աղքատ երկրները կարող են դեղեր ստանալ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Abdala պատվաստանյութը, ըստ կուբացի մշակողների, ավելի քան 92 տոկոս արդյունավետ է, մինչդեռ Soberana-ն՝ 62 տոկոս:
Վերջին ամիսներին Կուբայում կորոնավիրուսի դեպքերի աճ է գրանցվել: COVID-19-ի հետևանքով մահացած 5700 մահվան դեպքերի մոտ կեսը գրանցվել է օգոստոսին: Համաճարակի սկզբից ի վեր երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի ավելի քան 650 հազար դեպք, որից 95 հազարը՝ երեխաների և դեռահասների մոտ:
Աշխարհի շատ երկրներում պատվաստումը հաստատված է 12 տարեկանից բարձր երեխաների համար: Նախկինում փոքր երեխաների համար COVID-19-ի դեմ պատվաստումների ծրագրերի մասին հայտնել էին Չինաստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները և Վենեսուելան: Չիլիում սեպտեմբերի 6-ին չինական Sinovac դեղը հաստատվել է վեց տարեկան և բարձր երեխաների պատվաստման համար: