Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի բնակիչները պետք է մեկ շաբաթվա ընթացքում հանձնեն կառավարական ուժերից մնացած բոլոր մեքենաները, զենքն ու զինամթերքը: Այս մասին հայտնում է Ariana News հեռուստաալիքը՝ հղում անելով «Թալիբան» ահաբեկչական կազմակերպության ներկայացուցչին՝ Զաբիհուլլա Մոջահիդին:
Թալիբները սպառնացել են միջոցներ ձեռնարկել սեփականատերերի դեմ, եթե վերջնաժամկետից հետո հայտնաբերվեն պետական մեքենաներ և զենք:
Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին գրոհայիններն առանց կռվի մտել էին Քաբուլ և վերահսկողություն հաստատել մայրաքաղաքի վրա: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Հանին փախել է երկրից:
Օգոստոսի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել Քաբուլի օդանավակայանի դարպասների մոտ, որտեղ հարյուրավոր աֆղանցիներ էին հավաքվել՝ երկրից հեռանալու հույսով: Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրա զոհերի թիվը հասել է 200-ի: