ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հուլիսի 1-ին գումարեց արտահերթ նիստ:
Հանձնաժողովի անդամները երկրորդ ընթերցմամբ քննարկեցին և դրական եզրակացություն տվեցին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի և Արտակ Մանուկյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:
Առաջարկվում է նվազեցնել անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար դրոշմանիշային վճարի սահմանված տարեկան գումարի չափերը:
Հիշեցնենք, որ գործող կարգավորմամբ մինչև 1.2 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում տարեկան վճարի չափը կազմում է 18 000 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է 18 000 դրամ վճարել մինչև 2.4 մլն հաշվարկման բազայի դեպքում: 2.4-6 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում էլ առաջարկվում է սահմանել 24 000 դրամ: 6-12 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում նախատեսված է 102 000 դրամ, նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել 48 000 դրամ: 12 մլն դրամ և ավելի գումարի դեպքում նախատեսված 180 000 դրամի փոխարեն կսահմանվի 120 000 դրամ:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում հեղինակները չեն ստացել որևէ գրավոր առաջարկ:
Հիմնական զեկուցող Գևորգ Պապոյանի տեղեկացմամբ` նախաձեռնության ընդունումից հետո կթեթևանա 33 հազարից ավելի անհատ ձեռնարկատիրոջ ֆինանսական բեռը: