«Project LA» խմբին գիտեն ու ճանաչում են շատերը, սակայն նրանց հետ վերջերս բեմի վրա հայտնված երիտասարդ, տաղանդավոր ֆլեյտահարը դեռ անծանոթ է երևանյան հանդիսատեսին։ Նրան լավ են ճանաչում Գյումրիում, քանի որ ծնունդով գյումրեցին համաքաղաքացիների սերը վայելում է արդեն մի քանի տարի՝ լինելով այնտեղ շատ հայտնի բենդերից մեկի անբաժան մասը։ Օրագիր․news-ը զրուցել է ֆլեյտահար, «Նռանէ» բենդի և «Project LA»-ի երաժիշտ, ապագա բժիշկ Վահան Վխկրյանի հետ, իմացել նրա առաջին բեմելի, հայրենիքի հետ կապված երազանքների, նպատակների ու բենդերի հետ համագործակցության մասին։
Վահանը 16 տարեկան է։ Ծնվել և ապրում է Գյումրիում, սովորում է տեղի «Ֆոտոն» վարժարանի բնագիտական հոսքի 10-րդ դասարանում։
- Վահա՛ն, ի՞նչ նախասիրություններ ունեք։
- Փորձում եմ ամեն ուղղության մեջ ինձ փորձել։ Կամավորական աշխատանքներ եմ կատարում։ Օրինակ՝ անցած տարի Գյումրու Երիտասարդական պալատում հայոց լեզվի առցանց դասեր եմ վարել, պատրաստվում եմ այս տարի ևս դրանով զբաղվել։ Կամավոր եմ նաև «Restart Gyumri» նախաձեռնությունների կենտրոնում։
- Կպատմե՞ք երաժշտական կարիերայի սկզբի մասին։
- Ընտանիքիս անդամները երաժիշտներ են։ Ես 4 տարի հաճախել եմ երաժշտական դպրոց։ Բացի ֆլեյտայից՝ գիտեմ նվագել նաև դաշնամուր և հոբոյ։ 2019 թվականից նվագում եմ Գյումրիի «Նռանէ» բենդում։ Սկզբում փորձաշրջան եմ անցել, այժմ խմբի հիմնական կազմում եմ։ Այժմ «Նռանէ» բենդում նվագելն իմ հիմնական աշխատանքն է։
- Ինչպե՞ս սկսեցիք համագործակցությունը «Project LA»-ի հետ։
- «Project LA»-ի հետ համագործակցությունը սկսվեց Լևոն Արևշատյանի շնորհիվ։ Վերջին տարվա ընթացքում, երբ կորոնավիրուսով պայմանավորված՝ սահմանափակումներ մտցվեցին, սկսեցի «LA»-ի երգերի «cover»-ներ անել, որոնք տեղադրվեցին բենդի ֆեյսբուքյան էջում։ Արձագանքները բուռն էին։ Կարանտինի թուլանալուց հետո խմբի կողմից որպես մենակատար իրենց հետ համերգներով հանդես գալու առաջարկ եղավ։ Առաջին բեմելը իրենց հետ եղել է այս տարվա ապրիլի 15-ին։ Այնուհետև վերջին 4 համերգներին խմբի հետ որպես հրավիրյալ երաժիշտ ելույթներ եմ ունեցել։
- Ի՞նչ էիք զգում առաջին բեմելի ժամանակ։
- Բնականաբար մեծ պատասխանատվություն, որովհետև բեմի վրա էի տասնյակ պրոֆեսիոնալների հետ։ Նույն բեմի վրա փորձում ես համապատասխանել նրանց, որպեսզի շատ չտարբերվես։ Այնտեղ յուրաքանչյուրն իր աշխատանքը շատ լավ է կատարում, և դու պիտի իրենցից ետ չմնաս։ Հիշում եմ, որ Գյումրիում համերգի ժամանակ խմբի դաշնակահար-գործիքավորող Խաչիկ Սահակյանն իմ մասին բեմից ասաց՝ «Մեզնից լավ գիտի մեր բոլոր գործերը»։ Դահլիճը բուռն ծափահարություններով ընդունեց այդ հայտարարությունը։
- Տարիքային տարբերությունը որևէ կերպ խոչընդոտո՞ւմ է ձեր համագործակցությանը, թե՞՝ ոչ։
- Տարիքային տարբերության հետ կապված խնդիր չեմ ունեցել, որովհետև այնքան նվիրված եմ այս խմբին ու այնքան շատ եմ սիրում իրենց երգերը, որ անգիր գիտեմ ամբողջ գործիքավորումը։ Հետո իրենք իմ ցանկացած նորամուծությունը մեղեդու մեջ շատ են ոգևորում։
- Ի՞նչ նպատակներ ունեք։
- Առաջնահերթ նպատակս, երազանքս ու ցանկությունս երկրի խաղաղությունն է, որովհետև դրանից է կախված բոլորիս ապագան։ Նաև ստեղծված բարդ իրավիճակից հետո կարևորում եմ կայունությունը, որպեսզի մեր ապագան կարողանանք կայուն հիմքերով կառուցել։
- Ի՞նչ մասնագիտությամբ եք հետագայում ցանկանում աշխատել։
- Ես ցանկություն ունեմ բժիշկ դառնալու։ Բայց երաժշտության մեջ մնալու եմ միշտ։
- Ինչպե՞ս են ծնողներդ ու ընկերներդ վերաբերվում երաժշտական կարիերայիդ։
- Նշեմ, որ ծնողներս երաժիշտներ են, և ես մեծացել եմ երաժշտական հնչյունների ներքո։ Նրանք շատ ջերմ ընդունեցին իմ՝ երաժիշտ դառնալու մտադրությունը։ Երբ նրանք իմացան երկու խմբերից՝ հատկապես «Project LA»-ից, ստացածս հրավերների մասին, շատ ուրախացան։ Ընկերներս էլ են շատ ուրախ ինձ համար։
- Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր ներդրումը Հայաստանի ապագայի մեջ։
- Ես բժիշկ եմ դառնալու ու այդ մասնագիտությամբ ծառայելու եմ իմ ազգին։ Պիտի արժանի ապրենք այն կյանքը, որը ունենք մեր հերոս տղաների կյանքի գնով, երբեք չթերանանք, միշտ լավագույնը մտածենք, լավագույնը ստեղծենք ու չկորցնենք ամենապայծառի հանդեպ մեր հավատը։