Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը պետք է ճիշտ գնահատի ճգնաժամի հետևանքները և ճիշտ եզրակացություններ անի. Ջեյհուն Բայրամով
copy image url

Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը պետք է ճիշտ գնահատի ճգնաժամի հետևանքները և ճիշտ եզրակացություններ անի. Ջեյհուն Բայրամով

Արտաքին 3 տարի առաջ - 16:52 21-06-2021

Minval.az-ը գրում է, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, մեկնաբանելով ՀՀ-ում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքը, ասել է, որ Հայաստանի նոր քաղաքական ղեկավարությունը պետք է ճիշտ գնահատի և հասկանա այս ճգնաժամի իրական հետևանքները և ճիշտ եզրակացություններ անի:

Նրա խոսքով` «Հայաստանում շատերն այս ճգնաժամի հիմնական արդյունքը համարում են Հայաստանի ծանր պարտությունը 44-օրյա պատերազմում, բայց դրա արմատները շատ ավելի խորն են, դրանք հասնում են անցյալ»:

«Կարծում ենք, որ որքան շուտ անվիճելի լինի տարածաշրջանում երկրների բնականոն զարգացման սկզբունքը` միջազգային նորմերին և սկզբունքներին համապատասխանության շրջանակներում հարաբերությունների կարգավորման միջոցով, այնքան շուտ Ադրբեջանն ու Հայաստանը, ինչպես նաև տարածաշրջանի մյուս երկրները, կկարողանան տեսնել արդյունքները»,-ասել է Բայրամովը:

Նա հավելել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, Բաքուն այդ ուղղությամբ առաջարկ է արել Երևանին:

«Մեր դիրքորոշումը հայտնի է այս հարցում, այն մնում է անփոփոխ: Դա բազմիցս արտահայտվել է մեր պետության ղեկավարի կողմից: Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության հարգանքի վրա, հարաբերությունների կարգավորման ջատագով է (Հայաստանի հետ - խմբ.): Այս ուղղությամբ առաջարկ է արվել»,-այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Բայրամովը:

Նրա խոսքով ՝ Բաքուն կարծում է, որ տարածաշրջանում համագործակցությունն այլընտրանք չունի: