Ջորջիայից ժամանած մի ամերիկացի՝ Քրիս Ուիլյամսոնը իր՝ կրիպտոարժույթի ավանդների շնորհիվ մի գիշերում դարձել է տրիլիոնատեր: Այդ մասին հայտնել է Fox Business-ը:
Քրիսը 20 դոլար է ներդրել Rocket Bunny կոչվող կրիպտոարժույթում: Ճագարների բուծման անալոգիայով՝ նրա ներդրումը շատ արագ բազմապատկվել է: Երբ մի առավոտ Ուիլյամսոնը արթնացել է և հեռախոսի էկրանին ստուգել է հաշիվը, նրան հայտնի է դարձել, որ տրիլիոնատեր է դարձել:
«Նորից նայելով հաշվեհամարիս՝ ես բառացիորեն ընկա անկողնուց: Հետո ես զանգահարեցի ընկերոջս և նրանից օգնություն խնդրեցի, որպեսզի նա կարողանա բացատրել, թե ինչպես կարող եմ հիմա այդ ամենը վաճառել»,- հարցազրույցի ժամանակ ասել է Ուիլյամսոնը:
Նա նշել է, որ փորձել է կրիպտոարժույթը փոխանցել մեկ այլ հաշվի, բայց գտել է, որ այս դեպքում գումարը բոլորովին այլ կլինի:
Իրավիճակը պարզելու համար Քրիսը կապ է հաստատել Coinbase կրիպտոարժույթի առք ու վաճառքի պլատֆորմի աջակցության հետ, որտեղ նրան հայտնել են, որ այժմ ուսումնասիրում են այս հարցը: Ուիլյամսոնը նույնիսկ դիմել է Rocket Bunny-ի ստեղծողին, բայց պատասխան չի ստացել:
«Շնորհակալություն մեզ հետ կապվելու համար: Ներկայումս մենք ուսումնասիրում ենք ձեր հաշիվը, որպեսզի գտնենք ձեր հարցի պատասխանը: Մենք կուղարկենք այն էլ.փոստով, հենց որ ստանանք», - պատասխանել են Coinbase-ի աջակցման ծառայությունից:
Այս իրավիճակում «տրիլիոնատերը» պահպանել է հումորի զգացումը:
«Երբ նայում ես բոլոր հանգամանքները, հասկանում ես, որ ի վերջո այս գումարը երբեք չեմ ստանա»,- ասել է Քրիսը:
Նա նշել է, որ եթե փող ստանա, ապա կօգնի մարդկանց:
Տրիլիոն դոլար հաշիվն այժմ սառեցված է: Քրիսը չի կարող նրանից գումար հանել, ինչ-որ բան գնել կամ սակարկել բորսայում: