Չեխիայի Սուրբ Աննայի հիվանդանոցի և Մասարիքի համալսարանի մասնագետների համատեղ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Վոլֆգանգ Մոցարտի սոնատները ունկնդրելը կարող է բուժական ազդեցություն ունենալ էպիլեպտիկ նոպաներով տառապող մարդկանց համար: Այս մասին հայտնում է Sky News պորտալը:
Երաժշտության ազդեցությունը պարզելու համար մասնագետները համեմատել են երկու դասական գործերի ազդեցությունը ընկնավորության և ուղեղի գործունեության վրա:
«Ի զարմանս մեզ, մենք զգալի տարբերություններ գտանք Մոցարտի սոնատի և Ժոզեֆ Հայդնի 94-րդ սիմֆոնիայի էֆեկտների միջև: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ Մոցարտ ունկնդրող հիվանդների մոտ էպիլեպտիֆորմի ակտիվությունը նվազել է 32% -ով: Հայդնի գործը, ընդհակառակը, այս ցուցանիշը բարձրացրել է 45%-ով»,- ասել է Մասարիքի համալսարանի պրոֆեսոր Իվան Ռեկտորը։
Նա նշել է, որ 94-րդ սիմֆոնիայի ունկնդրումը դրական ազդեցություն է ունեցել միայն կանանց ուղեղի գործունեության վրա: Տղամարդկանց մոտ ստեղծագործությունը միայն եռապատկել է էպիլեպտիֆորմի ակտիվությունը:
Հետազոտական թիմը իրականացրել է նաև Մոցարտի ստեղծագործության ակուստիկ վերլուծություն: Արդյունքները ցույց են տվել, որ ուղեղի ալիքների վրա դրական ազդեցությունն առաջացրել են ոչ թե կոմպոզիցիան ունկնդրելու հույզերը, այլ բուն կոմպոզիցիայի ակուստիկ բնույթը:
Փորձագետները կարծում են, որ իրենց հայտնագործությունները կօգնեն ճանապարհ հարթել անհատականացված երաժշտական թերապիայի հետագա զարգացման համար, որը կարող է օգնել կանխարգելել և բուժել էպիլեպտիկ նոպաները:
Sky News-ին տված հարցազրույցում պրոֆեսոր Ռեկտորը շեշտել է, որ իր թիմն արդեն սկսել է նոր հետազոտություններ: Մասարիքի համալսարանի մասնագետները փորձարկում են երաժշտության մի քանի տեսակներ և փորձում գտնել դրա այն տեսակները, որոնք հակաէպիլեպտիկ հատկություններ կունենան առանձին հիվանդների մոտ:
«Մենք նախատեսում ենք երաժշտությունը փորձարկել էպիլեպտիկ երեկույթների ժամանակ` օգտագործելով անհատական ձայնային ձևեր», - եզրափակել է Իվան Ռեկտորը: