Եվրամիությունը կշարունակի ներգործել Բելառուսի վրա այնքան ժամանակ, քանի դեռ Մինսկում ձերբակալված բլոգեր Ռոման Պրոտասևիչը ազատ չի արձակվել: Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը:
«ԵՄ-ն չի հանգստանա, քանի դեռ Ռոման Պրոտասևիչին բաց չեն թողել: Մենք պարոն Լուկաշենկոյին պատասխանատվության ենթարկեցինք նրա (Պրոտասևիչի) ֆիզիկական և հոգեկան առողջության համար»,- գրել է քաղաքական գործիչը:
Նա ընդգծել է, որ Եվրոպայի միությունը աջակցում է բելառուս ժողովրդին, «որը պայքարում է ժողովրդավարության, խոսքի և կարծիքի ազատության համար»:
Պաշտոնյան նաև հաղորդել է, որ հունիսի 5-ին ուժի մեջ է մտել Եվրամիության խորհրդի որոշումը միության երկրների օդային տարածքում բելառուսական ինքնաթիռների օգտագործման և եվրոպական օդանավակայաններ դրանց հասանելիության արգելքի մասին: