Անկախ պետությունների համագործակցության գործադիր կոմիտեի դիտորդական առաքելություն իրականացնող խումբը սկսել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հետ կապված իր մոնիթորինգային աշխատանքը:
Հունիսի 1-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՀ դիտորդական առաքելության խմբի անդամ, ԱՊՀ գործադիր կոմիտեի բաժնի պետ Եվգենի Կոզյակը:
«Հենց նոր հանդիպում ունեցանք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, և այսօրվանից մեր խումբը սկսել է արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված իր դիտորդական աշխատանքը: Տեղեկացնեմ, որ ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավարն է Իլհոմ Նեմատովը, ով ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ-գործադիր քարտուղարն է: Նա կժամանի Հայաստան հունիսի 16-ին, իսկ մինչ այդ մենք որպես երկարաժամկետ դիտորդներ մոնիթորինգ կիրականացնենք ընտրությունների կազմակերպման հետ կապված»,- ասաց Կոզյակը:
Նա նշեց, որ ընդհանուր ԱՊՀ դիտորդական առաքելության խմբում ընդգրկված կլինի 70 դիտորդ:
«Մենք կիրականացնենք մոնիթորինգ ընտրությունների օրը ոչ միայն մայրաքաղաքում, այլ նաև տարբեր մարզերում: Եվ ընտրությունների ավարտից հետո հաջորդ օրը կհրավիրենք մամուլի ասուլիս, որտեղ դիտորդական առաքելության ղեկավարը և անդամները կներկայացնեն իրենց եզրակացությունները»,- հավելեց Կոզյակը: