Սլովակիան արգելել է Բելառուսի ավիաընկերությունների ինքնաթիռների թռիչքներն իր տարածքի վրայով և իր օդանավակայանների օգտագործումը: Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը:
«Հետևելով ԵԽ գագաթնաժողովի որոշմանը՝ Սլովակիան արգելում է բելառուսական ավիաընկերությունների թռիչքներն իր տարածքի վրայով և իր օդանավակայնների օգտագործումը: Սա մեր հստակ արձագանքն է բելառուսական ռեժիմի անընդունելի գործողություններին և օրենքի խախտմանը»,- նշվում է սլովակ դիվանագետի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ մայիսի 23-ին Աթենքից Վիլնյուս թռչող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հարկադիր վայրէջքից հետո իրավապահները ձերբակալել են NEXTA տելեգրամյան ալիքի հիմնադիր, բելառուս ընդդիմադիր Ռոման Պրոտասևիչին, ինչպես նաև նրա ընկերուհուն՝ ռուս Սոֆյա Սապեգային:
Բելառուսում Պրոտասևիչը մեղադրվում է մի շարք հոդվածներով, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, իսկ NEXTA տելեգրամյան ալիքը բելառուսական իշխանությունների կողմից ճանաչվել է ծայրահեղական:
Ավելի վաղ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել էր, որ ձերբակալված ռուս կինը Բելառուսում բնակության թույլտվություն ունի:
Նշենք նաև, որ ԵՄ-ն խորհուրդ է տվել չթռչել Բելառուսի վրայով, իսկ Ֆրանսիան արդեն փակել է իր երկինքը «Բելավիա» ավիաընկերության համար: