Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 20-ին ադրբեջանական գլխավոր հեռուստաընկերությանը (Azərbaycan Televiziyası) տված հարցազրույցում հայտարարել էր, որ բոլոր ուժերը մոբիլիզացված են «Զանգեզուրի միջանցք» ստեղծելու ծրագիրն իրագործելու համար՝ լինի դա ուժով, թե՝ ցանկությամբ: Ծրագիրը շուտափույթ իրականացնելու համար աբրդեջանական ԶՈՒ ներկայցուցիչները, խախտելով ՀՀ պետական սահմանը, այսօր արդեն իսկ տեղակայվել են Սյունիքիում:
168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Նախիջևանն Ադրբեջանին կապող միջանցքի շուրջ քննարկումներին, քաղաքագետ Ստեփան Դանիելյանն առանձնացրել է երկու դրվագ․ առաջինը՝ այդ միջանցքը միջազգային շրջանառության մեջ մտնում է «Զանգեզուր» անվանումով, այսինքն՝ ադրբեջանական անվանումով, այլ ոչ թե՝ Սյունիքի միջանցք կամ Մեղրիի միջանցք, և Ադրբեջանի նախագահն ասում է, որ դա Արևելյան Զանգեզուրն է։ Հաջորդ կարևոր պահը,ըստ քաղաքագետի, այն է, որ Ալիևն ասում է՝ քանի որ երկաթուղին պատկանում է Ռուսաստանին, ապա Ռուսաստանի հետ է բանակցություն վարում, սակայն երկաթուղին կազմակերպություն է, իսկ տարածքը հայկական է։ Այսինքն, երկաթուղի բացելու համար պետք է Հայաստանի քաղաքական ղեկավարության հետ խոսել՝ անկախ նրանից, թե երկաթուղին ում է պատկանում։ Ակնհայտ է, որ Հայաստանը հասել է մի վիճակի, որի հետ նույնիսկ բանակցություններ չեն վարում։ Սա է գործող իշխանության գնահատականը, թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է վարում։ Ստեփան Դանիելյանը հիշեցնում է, որ հիշեցնում է նաև, որ Հայաստանի մի մասից մյուս մասը գնալով՝ Հայաստանի վարչապետի պաշտոնակատարը գնում է ռուսական դրոշի ներքո (Կապանի ճանապարհն անցնելիս), ինչը նույնպես ցուցանիշ է:
Իրանագետ Վարդան Ոսկանյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է իրանական մամուլի արձագանքներին, որոնք վերաբերում են Իլհամ Ալիևի` այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հայտարարություններին։ Մասնավորապես Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ` թշնամական եզրույթով բնութագրվող «Զանգեզուրի միջանցք» կոչեցյալը, ըստ էության, դեմ է Իրանի կենսական շահերին։ Իրանագետը վստահ է, որ եթե նույնիսկ Հայաստանի ներսում լինեն որոշ խմբեր, որոնք կարող են գաղտնի կամ բացահայտ կերպով նման միջանցքի գաղափարին կողմ լինել, ապա իրանական կողմը հստակորեն դրան դեմ է։ Դա ունի մի քանի պատճառ, նախ` ենթադրվում է, որ միջանցքը պետք է լինի Մեղրիի հատվածով, այսինքն` իրանական սահմանին զուգահեռ, ինչը չի բխում Իրանի շահերից` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման «միջանցքի» գոյությունը կարող է խաթարել Հայաստան–Իրան ուղղակի հաղորդակցությունը: Այսինքն`ՀՀ սուվերեն տարածքի մի մասը կարող է դուրս լինել հայկական վերահսկողությունից:
Քաղաքագետ Նարեկ Մինասյանն էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի տարածքների վերաբերյալ հայտարարությունները համարում է «կարմիր գծի» հատում, որը պետք է ստանա համարժեք գնահատական: «Արմենպրեսս»-ի հետ զրույցում Մինասյանը նշել է, որ Հայաստանի այս կամ այն շրջանի և Երևանի նկատմամբ նախկինում բազմաթիվ հայտարարություններ են եղել, սակայն այս մեկում Ալիևը բացահայտ ուժի սպառնալիք է ցուցադրում: Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ծրագրին, կարևոր է ընդգծել, որ նման միջանցք չի եղել, չկա և չի կարող լինել: Ադրբեջանը փորձում է աղավաղել 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի եռակողմ հայտարարության պայմանագրում տեղ գտած տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին կետը՝ Հայաստանին վերագրելով մտացածին «պարտավորություններ»: Սակայն, իրականում, այդ հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Սյունիքի միջանցքի, ավելին՝ «միջանցք» եզրույթը կիրառվում է միայն Լաչինի դեպքում:
Ադրբեջանի նախագահի՝ Սյունիքով միջանցքի ստեղծման մասին հայտարարությունն այս օրերին ակտիվ քննարկվում է նաև իրանական լրատվամիջոցներում: Միջազգային իրավունքի հարցերով փորձագետ Ահմադ Քազեմին «Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում ընդգծել է՝ պատմության մեջ այսպես կոչված «Զանգեզուրի միջանք» կոչվող հասկացություն գոյություն չի ունեցել, և դա Բաքվի նոր պատմական կեղծիքն է ու որևէ իրավական հիմք չունի: Փորձագետն ընդգծել է՝ Ալիևի խոսքերը ցույց են տալիս, որ Բաքվի նպատակը հաղորդակցության ուղիների բացումը, Ղարաբաղի իրավական կարգավիճակի որոշումը և Երևանի հետ հարաբերությունների կարգավորումը չէ: Քազեմին հավելել է նաև, որ Ադրբեջանը փորձում է Սյունիքի միջանցքով տարածաշրջանում Իրանի աշխարհաքաղաքական դիրքերը չեզոքացնել և մեկուսացնել տարածաշրջանային էներգետիկ ծրագրերից, նաև զսպել Չինաստանն ու Ռուսաստանը՝ հարվածել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծին:
«Միջանցքի» նկատմամբ վերահսկողությունը հանձնելուն, որն այդքան հետևողականորեն և կատաղի ձևով պահանջում է Իլհամ Ալիևը, այսօր Հայաստանում ոչ ոք պատրաստ չէ, այդ թվում ՝ Նիկոլ Փաշինյանը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։ Ըստ բանախոսի՝ մեծ հավանականությամբ իրականում Մոսկվան թուրքերին ու ադրբեջանցիներին մի փոքր ավելի մեծ խոստումներ է տվել, քան դա արձանագրվել է նախորդ տարվա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Եվ Ռուսաստանի այդ խոստումները դեռ չեն կատարվել, չնայած Մոսկվան ձգտում է դա անել։ Եվ, դատելով ըստ ամենայնի, խոսքը գնում է Սյունիքով անցնող Մեղրիի միջանցքի նկատմամբ վերահսկողության փոխանցման մասին Հայրապետյանի կարծիքով՝ հենց այդ գինն է Ալիևը Մոսկվայից պահանջել ԵԱՏՄ-ին անդամակցելու դիմաց։ Եվ, նրա կանխատեսմամբ, ռուս-թուրքական պայմանավորվածությունների բոլոր պայմանների կատարման դեպքում, այդ թվում ՝ տխրահռչակ միջանցք ստեղծելու հարցում, Ալիևն այլևս չի ընդդիմանա ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցությանը։ Ընդ որում, ըստ քաղաքական գործչի, եթե հանկարծ Ռուսաստանն ու Թուրքիան, այնուամենայնիվ, չպայմանավորվեն, Ադրբեջանն այստեղ ընդամենը խամաճիկ է, հնարավոր է ամեն ինչ, հնարավոր է նաև հակառակ սցենար։