Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և Ռուսաստանի նախագահ Վլդիմիր Պուտինը պայմանավորվել են Տաջիկստան կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ Վ» պատվաստանյութի անհատույց ներմուծման մասին: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:
«Խոսել ենք նաև կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համատեղ ջանքերի մասին, ներառյալ Տաջիկստան մեր «Սպուտնիկ Վ» պատվաստանյութի անհատույց մատակարարումը, ինչի մասին պայմանավորվել էին մեր նախագահները մայիսի 8-ին»,- հայտարարել է Լավրովը:
Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը այցով ժամանել էր Ռուսաստանի մայրաքաղաք: Նա բանակցություններ է ունեցել Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ:
Բացի դրանից՝ Տաջիկստանի ղեկավարը մասնակցել է Հաղթանակի օրը Մոսկվայի Կարմիր հրապարակում անցկացվող զորահանդեսին:
Ռուսաստանը դարձել է աշխարհում առաջին երկիրը, որը գրանցել է COVID-19-ի դեմ պատվաստանյութը:
Ավելի վաղ Պուտինը հայտարարել էր կորոնավիրուսի դեմ չորրորդ պատվաստանյութի անմիջական թողարկման մասին: Երկրի ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է համավարակի դեմ պայքարում օտարերկրյա գործընկերների հետ համագործակցության մեջ: