Հարավային Կորեայում Բելգիայի դեսպանի կինը Սեուլում ծեծել է երկու վաճառական կանանց, հայտնում է Le Figaro-ն՝ վկայակոչելով Հարավային Կորեայի իրավապահ մարմիններին:
Ոստիկանության տվյալներով՝ դիվանագետի կինը Սեուլի հագուստի խանութներից մեկում երկու իր է փորձել, ապա շտապել է դեպի ելքը: Խանութի աշխատակցուհին անմիջապես վազել է նրա ետևից՝ պարզելու, թե ինչ է նա հագել: Ենթադրվում է, որ վիճաբանությունն աառաջացել է այդ պատճառով: Հարավային Կորեայի ԶԼՄ-ներում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է դիվանագետի կինը հարվածում վաճառողի գլխին, ապա՝ օգնության հասած մեկ այլ աշխատակցուհու:
Կինն օգտվել է դիվանագիտական անձեռնմխելիությունից քրեական հետապնդումից խուսափելու համար: Նրա ամուսինը՝ դեսպան Փիթեր Լեսկույեն, ափսոսանք է հայտնել այս միջադեպի կապակցությամբ:
«Անկախ հանգամանքներից՝ նրա արձագանքն անընդունելի է»,- խոստովանել է դիվանագետը:
Բելգիայի դեսպանատնից հայտնել են, որ իրենք «պաշտպանում են դեսպանի կնոջ անձեռնմխելիության իրավունքը»: