ՌԴ արտգործնախարարն անդրադարձել է Արցախում իրավիճակի կարգավորմանը
copy image url

ՌԴ արտգործնախարարն անդրադարձել է Արցախում իրավիճակի կարգավորմանը

Արտաքին 3 տարի առաջ - 15:25 11-05-2021

Բաքվում Ադրբեջանի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է պահանջված մնալ՝ նախևառաջ մարդասիրական խնդիրների լուծման շուրջ համագործակցության և կողմերի միջև վստահության ստեղծման միջոցառումներն առաջ մղելու գործում: Նա նաև անդրադարձել է Արցախում իրավիճակի կարգավորման խնդրին:

«Իրավիճակի հետագա կարգավորման բանալին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև անցած տարվա նոյեմբերի 9-ին և այս տարվա հունվարի 11-ին ձեռքբերված պայմանավորվածություններին ամբողջ ծավալով հետևելն է: Այդ պայմանավորվածություններն ապահովում են ինչպես ռազմագործողությունների դադարի պահպանմանը նպաստող բոլոր անհրաժեշտ մեխանիզմները, այնպես էլ նպատակաուղղված են ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, որոնք երկար տարիներ հնարավորություն չեն ընձեռել՝ բացահայտելու աշխարհաքաղաքական կարևորություն ունեցող այս տարածաշրջանի շատ լուրջ տրանզիտային ու տնտեսական ներուժը»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համատեղ նախագահությամբ ստեղծված եռակողմ աշխատանքային խումբը կարևոր ներդրում ունի ձեռքբերված պայմանավորվածությունների պահպանման հարցում: