Մեքսիկայում կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստանյութերի խմբաքանակ են գտել: Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն:
Երկրի անվտանգության և քաղաքացիական պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ կեղծ դեղամիջոցը հայտնաբերվել է Նուևո Լեոն նահանգում:
Գերատեսչությունում հավելել են, որ ստուգումների արդյունքում բերման է ենթարկվել վեց մարդ:
«Այդ տեսակի պատվաստանյութի օգտագործումը վտանգում է բնակչության առողջությունը»,- ընդգծել է նախարարությունը: Այն նաև կոչ է արել քաղաքացիներին զգոն լինել և պատվաստվել միայն պետական կենտրոններում:
Ավելի վաղ COVID-19-ի դեմ տասնյակ հազարավոր կեղծ պատվաստանյութեր են վաճառվել հիվանդներին Էկվադորում:
Աշխարհում համավարակի սկզբից ի վեր գրանցվել է ավելի քան 110.3 մլն վարակակիր, 85.1 մլն-ից ավելի մարդ առողջացել է, 2.4 մլն-ից ավելի մարդ՝ մահացել:
Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ով վարակված ավելի քան 4 մլն մարդ: Ռուսաստանն աշխարհում առաջին պետությունն է, որը գրանցել է COVID-19-ի դեմ պատվաստանյութը:
Դեղամիջոցը ստեղծվել է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի և Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի համատեղ ջանքերով: Այն կոչվում է «Սպուտնիկ Վ»:
Հոկտեմբերի 15-ին ՌԴ նախագահ Վ. Պուտինը պատմել է COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին, որը կոչվում է «ԷպիՎակԿորոնա»: Այն ստեղծել է նովոսիբիրյան «Վեկտոր» կենտրոնը: