ԱՀԿ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 13 ՇՏԱՄ ԵՆ ԳՏԵԼ
copy image url

ԱՀԿ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ 13 ՇՏԱՄ ԵՆ ԳՏԵԼ

Արտաքին 4 տարի առաջ - 11:18 15-02-2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) մասնագետները, որոնք ուսումնասիրում են Չինաստանում կորոնավիրուսային վարակի ծագումը, հայտնաբերել են 2019 թվականին COVID-19-ի ավելի վաղ տարածման մի քանի նշաններ: Այդ մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով փորձագիտական խմբի ղեկավար, կենդանախտային վարակների (որոնք մարդուն են փոխանցվում կենդանիներից) և սննդի անվտանգության գծով մասնագետ Պիտեր Բեն Էմբարեկին:

Նրա խոսքով, ենթադրվում է, որ 2019 թ. դեկտեմբերին Ուհան քաղաքում, որտեղ առաջին անգամ գրանցվել է կորոնավիրուսը, առնվազն 1000 մարդ վարակվել է նոր տիպի կորոնավիրուսի 13 տարբեր շտամներով:

Էմբարեկը կարծում է, որ դրանցից մի քանիսը սկսել են տարածվել տեղական շուկաներում, իսկ մյուսներն ընդհանրապես կապ չունեն դրանց հետ:

Հունվարի կեսերից Ուհանում է գտնվում ԱՀԿ փորձագիտական խումբը: ԱՀԿ-ն հայտնել է, որ չինացի հետազոտողները և միջազգային կազմակերպության առաքելության անդամները հակված են վարկածին, որ վարակը տարածվել է վայրի կենդանիներից միջանկյալ օղակի միջոցով: