Չորեքշաբթի՝ հունվարի 20-ին, Twitter-ում Սպիտակ տան (@WhiteHouse), ԱՄՆ նախագահի (@POTUS), փոխնախագահի (@VP), առաջին տիկնոջ (@FLOTUS) և մամուլի քարտուղարի (@PressSec) պաշտոնական օգտահաշիվները Դոնալդ Թրամփի վարչակազմից անցել են ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնած Ջո Բայդենի վարչակազմին: Այս մասին իր էջում հայտնել է սոցցանցի պաշտոնական ներկայացուցիչ Նիկ Պաչիլիոն:
Այսպիսով, չորեքշաբթի ԱՄՆ գործող ղեկավարը POTUS-ի էջում հրապարակել է իր առաջին թվիթը:
«Երբ խոսքը ճգնաժամերի հաղթահարման մասին է, որոնց մենք բախվել ենք, չի կարելի ժամանակ կորցնել: Այդ պատճառով ես այսօր գնում եմ Օվալաձև աշխատասենյակ և անմիջապես սկսում եմ աշխատել՝ վճռական գործողություններ ձեռնարկելու և ամերիկյան ընտանիքներին անհապաղ օգնություն ցուցաբերելու համար»,- գրել է Բայդենը:
Հայտնի է, որ ԱՄՆ նոր փոխնախագահ Քամալա Հարիսի ամուսնու՝ Դագ Էմհոֆի համար ստեղծվել է հատուկ օգտահաշիվ՝ @SecondGentleman: