Շատ-շատ տարիներ առաջ Աստված խոսում էր մարդկանց հետ։ Լեզուն երգն էր։ Պաշտամունքային ծեսերն այսօր էլ ուղեկցվում են երգով։ Ռուբեն Հախվերդյանն ասում է՝ «Ես գիտեմ, որ երգը և՛ աղոթք է...»։ Պոետները, երգիչները, երաժիշտները մեծ սեր ու հարգանք են վայելում, քանի որ մեզ են նվիրում լեզու, որով կարող ենք խոսել Նրա հետ։
Բոլոր ժամանակներում, հատկապես ժողովրդավարական հասարակություններում մեծ ժողովրդականություն վայելողները պոտենցիալ իշխանություն ունեն։ Իշխանություննները, իշխանության հավակնորդները, քաղաքական ակտորները ձգտում իրենց շուրջ համախմբել ժողովրդականություն ունեցողներին, այդ թվում՝ հռչակավոր պոետներին, երաժիշտներին։ Պատկերավոր ասած՝ նրանց ժողովրդականությունն օգտագործվում է քաղաքական նպատակներով։
Հանրությունը ևս ակնկալիքներ ունի սիրելի գրողից ու երգչից։ Նրանց այնքան շատ են սիրում, որ երբեմն համեմատում են արդարության 36 սյուների հետ։ Նրանց խոսքի պահանջը սրվում է, երբ խախտվում է արտաքին կամ ներքին խաղաղությունը։ Նրանց հեղինակությունը բարձրանում է հատկապես այն ժամանակ, երբ հոգևոր իրական իշխանություն են ստանում, ավելի, քան հոգևորականները։
Այս առումով՝ ինչպիսի՞ իրավիճակ է Հայաստանում։
Խորհրդային բռնազավթման տարիներին հոգևոր իշխանության գործառույթը դե յուրե իրականացնում էր մտավորականությունը, նույնիսկ այդպիսի անունով խավ կար։ Մտավորականները գովերգում էին իշխանություններին ու համակարգը։ Իշխանությունն էլ նրանց արտոնություններ էր տալիս։ Անկախությունից հետո այս իներցիան շարունակվեց։ Առաջին նախագահի օրոք առանձնակի ուշադրություն դարձրեցին Հրանտ Մաթևոսյանին ու Տիգրան Մանսուրյանին։ Այս երկու հանճարեղ մարդիկ հանրային մեծ սեր էին վայելում, որը տարածվեց նաև իշխանական թիմի վրա։
2019-ի հունվարի 27-ին Նիկոլ Փաշինյանն այցելեց Տիգրան Մանսուրյանին, նրա ծննդյան օրվա առթիվ հյուրընկալվեց նրա տանը։ Այդպես սկսվեց նրանց միջև բարեկամությունը։ Ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի դեմ բողոքի ցույցերին մասնակցած բազմաթիվ մտավորականների, Տիգրան Մանսուրյանը չի անդրադառնում քաղաքական օրակարգի հարցերին, հանրությանը հուզող խնդիրներին։ Օրեր առաջ, ապրիլի 24-ին, Ցեղասպանության հուշահամալիրի մոտ լրագրողների հետ զրույցում Մանսուրյանը հրաժարվեց պատասխանել նման հարցերի։ Նա այսպես կոտրեց իրեն սիրողների մի մասի սիրտը, փշրեց հանրային հույսերն անտարբերությամբ։
Իհարկե, ժողովրդավական երկրներում ամեն մարդ, այդ թվում՝ հանճարեղ վարպետն, իրավունք ունի անդրադառնալ կամ չանդրադառնալ քաղաքական օրակարգին, հանրային խնդիրներին, քննադատել կամ պաշտպանել քաղաքական այս կամ այն գործչին, կամ արհամարհել քաղաքականությունն էլ, ժողովրդին էլ։ Սակայն հանրությունը Մանսուրյանից ակնկալում է փոխադարձ սեր, ուշադրություն իր խնդիրներին, մանավանդ՝ այս բարդ ժամանակներում, երբ շատերը հանճարեղ, տաղանդավոր մարդու խոսքին կարոտ են, որը կարող է ապրելու ուժ տալ հուսահատության եզրին կանգնածին։
Կարճ ասած՝ մաեստրո Տիգրան Մանսուրյանի հետ կապված հանրային հույսերը մեծ են։ Հույս կա, որ նրա հանդեպ ժողովրդի մեծ մասի սերը կմնա անխախտ, անկախ այն բանից, թե քաղաքական ինչ դիրքորոշում և հանրային ակտիվություն կցուցաբերի նա։ Բայց կա նաև մտավախություն, որ նրա անտարբերության հետևանքով կարող են աղավաղվել հանրային ավանդական պատկերացումները պոետի, երաժշտի, Աստվածային լեզվի մասին։ Մյուս կողմից՝ լավատեսություն կա, որ տաղանդավոր մյուս ստեղծագործողները, պոետներն ու երաժիշտները այս առումով՝ չեն ընդօրինակի մաեստրոյին, չեն խուսափի ժողովրդին հետաքրքրող հարցերից, չեն մերժի ժողովրդի սերը, Նրա ձեռքով գործողների հետ կապված հանրային հույսերը չեն փշրի դաժան անտարբերությամբ։
Թաթուլ Մկրտչյան