Ապրիլի 23-ին Պեկինում կայացել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ երկու երկրների նախագահները համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր են ստորագրել, որի շրջանակներում նախատեսվում է համագործակցություն շուրջ 20 ոլորտներում:
Այս ամենին
Oragir.News-ի հետ զրույցում անդրադարձավ ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը։
««Զանգեզուրի միջանցքը» Ադրբեջանի արտաքին քաղաքականությունից դուրս չի եկել, ու չեմ կարծում, որ մոտ ապագայում դուրս կգա, որովհետև նախ և առաջ դա Ադբրեջանի կողմից Հայաստանը օկուպացնելու տարբերակներից մեկն է, նաև թուրքական կողմի շահն է շատ վառ արտահայտված, ակնհայտ է, Չինաստանը այս մասով ուզում է իր տնտեսական ազդեցությունը ունենալ տարածաշրջանում, նաև քաղաքական ազդեցության ցանկություն ունի»,- նշեց նա:
Ադրբեջանագետն ընդգծեց, որ չենք կարող հստակ ասել՝ ապագայում ինչ կլինի, բայց որ ադրբեջանական կողմը Հայաստանից առաջ է ընկել Չինաստանի հետ ավելի պինդ հարաբերություններ ունենալու հարցում, դա ակնհայտ է։
«Ադրբեջանական կողմը վերջին տարիներին Չինաստանի հետ հարաբերությունները օգտագործում է իր օգտին, սա պետք է մտահոգիչ լինի Հայաստանի համար, որովհետև «Զանգեզուրի միջանցքի» բացումը կախված է նաև Չինաստանից, քանի որ Չինաստանը այսօր Իրանի հետ ունի ռազմավարական հարաբերություններ, տնտեսական կապեր, հետևաբար նաև փորձ է արվում հետագայում Չինաստանի հետ լավ հարաբերությունները օգտագործել՝ որպես իրանական կողմի հռետորաբանության մեղմացում»,- նշեց Դավթյանը:
Վերջինս զգուշացրեց, որ այս թեզը շատ հեռու ապագայի համար կարելի է դիտարկել. Ադրբեջանը շատ հեռահար նպատակներ է հետապնդում այս համաձայնագրով, ամեն դեպքում, հաշվի առնելով բարձր մակարդակի բանակցություններն ու հարաբերությունները, կարելի է այս ամենը չբացառել մոտ ապագայում։ Միակ բանը, որ Հայաստանը պետք է անի, զգուշանալն է ու վառ արտահայտված արտաքին բարեկամական հարաբերություններ ունենալը հնարավոր դաշնակից երկրների հետ։