Երևանն օր օրի մերկանում է. Նոր Նորքում հատվել են 100 կենսատու ծառեր

Ներքին Տեսանյութ 5 օր առաջ - 22:03 14-04-2025
Երևանում ծառահատումները կարծես դարձել են սովորական երևույթ։ Այս անգամ ահազանգել են Նոր Նորքի 5-րդ զանգվածից՝ Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակայքից։

Քաղաքացիների փոխանցմամբ՝ այստեղ հատվել են շուրջ 100 կենսատու ծառեր։ Ըստ բնակիչների, խոստացել են նոր, բարեկարգ այգի՝ ծառահատված տարածքի փոխարեն, սակայն շատերը վստահ չեն այդ խոստումներին և անհանգստացած են բնապահպանական հետևանքներով։

Oragir.News-ը այցելեց տարածք, որտեղ տեղում պարզ դարձավ, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը. հատվել են ինչպես հասուն, այնպես էլ մատղաշ ծառեր։

Քաղաքացիների հետ զրույցներում պարզ դարձավ, որ շատերը ծառահատումներին դեմ են, սակայն մասնագիտական գնահատական տալ չեն կարող։ Այնուամենայնիվ, նշում են, որ ծառերը թթվածնի հիմնական աղբյուրն են, և դրանց կորստով Երևանի կանաչ տարածքները էլ ավելի են նոսրանում։

«Փոխանակ նոր ծառեր տնկեն, եղածն էլ կտրում են։ Կանաչապատ տարածք չի մնացել, Երևանը վերածել են քարե քաղաքի»,- ասաց բնակիչներից մեկը։

Նշենք, որ վերջերս Oragir.News-ը այս թեմայով զրուցել էր բնապահպան Սիլվա Ադամյանի հետ, ով մանրամասն ներկայացրել էր համատարած ծառահատումների բացասական հետևանքները։

Մանրամասները՝ տեսանյութում։