Սյունիքում կրակոցներ են, Մարտուն Գրիգորյանը հրաժարվեց մանդատից, տեղումներ են սպասվում․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 5 օր առաջ - 20:45 14-04-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 14-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Անթալիայի դիվանագիտական ֆորումը դեռ չավարտված՝ երեկ երեկոյան ադրբեջանական զինուժը կրակ է բացել Սյունիքի ուղղությամբ։ Ադրբեջանական զինուժի՝ գրեթե մեկ ամիս շարունակվող կրակոցներից այս գիշեր վնասվել է Խնածախ գյուղի մշակույթի տունը: Հայաստանի պաշտպանության նախարարության փոխանցմամբ՝ կրակոցները հնչել են ժամը 22:20-ի սահմաններում, տուժածներ չկան: Հայաստանի ռազմական գերատեսչությունը, որ այս շաբաթներին հաճախ է պնդում, թե ադրբեջանական կրակոցները վտանգավոր չեն և ուղղված չեն Հայաստանի տարածքին, Բաքվից պարզաբանում է ակնկալում. - «Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խնածախի մշակույթի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»։ Ավելի ուշ ադրբեջանական կողմը հերքել է այս տեղեկությունը՝ պնդելով, թե, իբր հայկական կողմն «անհիմն, իրականությանը չհամապատասխանող հայտարարություն, ապատեղեկատվություն է տարածել»։

Երևանի Անաստաս Միկոյան 64-ի բնակիչները վաղ առավոտից փակել էին Եղվարդի խճուղին, հանդիպում էին պահանջում քաղաքապետի կամ կառավարությունից որևէ ներկայացուցչի հետ: Բնակիչներն ասում են, որ դեռևաս 2022-ին պետք է սեփականության վկայականները ստանային, բայց կառուցապատողն ավարտական ակտը ստանալուց հետո սնանկացավ ու իրենք մնացին առանց սեփականության վկայականների: Նրանք կարծում են, որ սնանկության գործընթացը կեղծ է, կառուցապատողն այդպիսով ազատվում է պետությանն ունեցած միլիարդների հասնող պարտքերից, իրենց էլ թողնում է առանց սեփականության վկայականների: Անցած շաբաթ կառավարության առջև հավաքված բնակիչներին ոչ ոք չընդունեց: Ինչից հետո այսօր շուրջ 1 ժամ փակ պահեցին ճանապարհը, բայց այսօր էլ ոչ ոք չեկավ նրանց լսելու: «Եթե օրվա ընթացքում, որևէ մեկը մեզ հետ չկապվի, փողոցներ փակելը շարունակական է լինելու», - ասացին բնակիչները: Վերջիններս պահանջում են վերադարձնել իրենց գնած 4000 քառակուսի մետր հողատարածքը, որը նախագծով նախատեսված է բակային ու կանաչապատ տարածքի համար: «Մենք գնման իրավունքով ձեռք ենք բերել այդ հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականություն, մեր իրավունքներն ամբողջովին ոտնահարվել են, ու այդ հողամասն ուղղակի առանձնացվել է և նախնական առուվաճառքի պայմանագրով օտարվել է», - նշել է հավաքվածներից մեկը:

Միկոյան 64 շենքի բնակիչների բողոքի ակցիային արձագանքել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ «Հարգելի՛ գործընկերներ, Այսօր առավոտից «Անաստաս Միկոյան 64» շենքի բնակիչները փակել են Անաստաս Միկոյան փողոցը (Եղվարդի խճուղի), բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, որոնք առնչվում են պետական, տեղական ինքնակառավարման և իրավապահ մարմինների լիազորություններին։ Տեղեկացնում եմ, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայումս գտնվում է գործուղման մեջ։ Քաղաքապետը բնակիչներին կընդունի ապրիլի 16-ին»,- գրել է Կոստանյանը։

Այսօր կառավարության շենքի դիմաց տնտեսվարողների հերթական բողոքի ակցիան է կայացել՝ ընդդեմ շրջանառության հարկի դաշտում իրականացվող, գործարարների վիճակն ու աշխատանքային պայմանները բարդացնող փոփոխությունների: Շրջանառության հարկի բարձրացման դեմ ամիսներ շարունակ բողոքող փոքր ձեռնարկատերերը նաև ստորագրահավաք են կազմակերպել՝ պահանջելով կասեցնել հունվարի 1-ից ուժի մեջ մտած հարկային փոփոխությունները: Նրանց խոսքով՝ մի քանի օրում ավելի քան 2000 ստորագրություն են հավաքել: Նշենք՝ 2025 թվականի հունվարի 1-ից շեշտակի մեծացվել է փոքր ու միջին բիզներսի ներկայացուցիչների հարկային բեռը։ Շրջանառության հարկը կբարձրանա 5-ից մոտ 10 տոկոսի։ Ավելի ուշ կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի՝ շրջանառության հարկ վճարողների համար վեց ամիս՝ մինչև հուլիսի 1-ը, անցումային ժամանակաշրջան սահմանվեց, որի ընթացքում կառավարությունը պարտավորվել է տնտեսվարողներին վերադարձնել 5 տոկոսից ավելի գոյացած հարկերը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված