Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի այն հատվածը, որը տեղ է գտել նրանց գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում։
Այսօր ուսումնասիրել ենք Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի և նրա կնոջ՝ Անի Առուշանյանի՝ 2023 թվականի հայտարարագրերը։
Որպես անշարժ գույք՝ Դավիթ Առուշանյանը հայտարարագրել է բազմաբնակարան 2 շենք՝ համատեղ սեփականությամբ, որոնցից մեկը Երևանի Դավթաշեն, մյուսը՝ Կենտրոն վարչական շրջանում, որոնք նա գնել է 2014 թվականի հունվարի 14-ին և հոկտեմբերի 22-ին, ինչպես նաև ավտոկայանատեղի՝ կրկին համատեղ սեփականությամբ՝ Կենտրոնում, որը գնել է 2014 թվականի նոյեմբերի 18-ին։
Բացի այդ, նա 90 օրից ավելի տիրապետում է ևս 1 բազմաբնակարան շենքի՝ Գյումրիում, որի սեփականության իրավունքն իրեն չի պատկանում։ Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։
Որպես շարժական գույք՝ Առուշանյանը հայտարարագրել է 2007 թվականի արտադրության NISSAN և 2010 թվականի արտադրության RANGE ROVER մակնիշի ավտոմեքենաներ, որոնք նա գնել է 2018 թվականի մայիսի 30-ին և 2016 թվականի հունիսի 8-ին։
Տարեվերջին այս մեքենաները պահպանվել են։ Առուշանյանի բանկային հաշիվներին եղել է 2 մլն դրամ, որը տարեվերջին պահպանվել է։ Նա ունեցել է նաև 13 մլն դրամ, 30 հազար դոլար և 18 հազար եվրո կանխիկ գումար, որը տարեվերջին կազմել է 12 մլն դրամ, 25 հազար դոլար և 18 հազար եվրո։
2023 թվականի հաշվետու տարում նրա եկամուտները կազմել են 9 մլն 702.420 դրամ, որը ՀՀ ԱԺ-ից նրա ստացած աշխատավարձն է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 517.220 դրամ։
Մարզպետի կինը՝ Անի Առուշանյանը, անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան Երևանում՝ գնված 2014 թվականի հունվարի 14-ին և հոկտեմբերի 22-ին, ավտոտնակ Երևանում՝ համատեղ սեփականությամբ՝ գնված 2014-ի նոյեմբերի 18-ին, ինչպես նաև միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Գյումրիում՝ գնված 2015 թվականի նոյեմբերի 25-ին։
Տարեվերջին նրա անշարժ գույքը նույնությամբ պահպանվել է։ Շարժական գույք՝ ավտոմեքենա, վերջինս չի հայտարարագրել։
Անի Առուշանյանի բանկային հաշիվներն ամբողջ տարի դատարկ են եղել. Վերջինս ունեցել է 1 մլն 200 հազար դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին դարձել 1 մլն դրամ։ Շիրակի մարզպետի կինը եկամուտներ չի հայտարարագրել։