Ոչ մի օր՝ առանց Արցախի. գնդակահարությունից հինգ պակաս
copy image url

 Ոչ մի օր՝ առանց Արցախի. գնդակահարությունից հինգ պակաս

Ներքին 1 շաբաթ առաջ - 22:30 11-04-2025
1992-ի խոր աշունն էր, կամ էլ, արդեն, դեկտեմբերը։
Հերթական անգամ գնացել էի Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղ՝ բանակի ընկերոջս՝ Արազ Քոչարյանին տեսության։

Ավտոբուսը Ստեփանակերտից հասցրեց Բերդաշեն, որտեղից, արդեն, պետք էր ոտքով կտրեի մոտ երեք կիլոմետրանոց ճանապարհն ու հասնեի Աշան։

-Ա բալա, կյուլ կա, չաղալ կա (գայլ, չախկալ),- վճռական տոնով ասաց մանկահասակ տղա թոռան ու ինձ հետ ավտոբուսի վերջին ուղևորը եղած տարեց կինն ու համոզեց հետևել իրեն։

Տանն իմացա, որ երկու որդիները դիրքերում են՝ չգիտես՝ որ մի ճակատում։

Ընդարձակ՝ միաժամանակ և՛ ճաշասենյակ, և՛ պատշգամբ հանդիսացող տարածքում դրված վառարանի ջերմությունն ու տնական հավի մի քանի կտորը, օղին ու գինին իսկը տեղին էին (հենց հարևանությամբ էլ՝ վառարանից քիչ հեռու, ինձ համար բացված անկողինն էր, տատն ու թոռը քնելու էին գնացել ննջասենյակ)։ Դե, Կարեն տղա, քեզ տեսնեմ, մտածում եմ ու անցնում ծանր օրվա երանելի ավարտին։

Առավոտ կանուխ հասնում եմ Աշան՝ անկեղծորեն ուրախացնելով Քոչարյանների օրհնյալ, անսահման հյուրընկալ ու բացսիրտ գերդաստանին, որի բոլոր անդամները վաղուց ինձ հարազատ էին դարձել՝ Արազի ավագ եղբայր Արարատը, մյուս եղբայր Ջիվանը, Լիաննան, որ Պաշտպանության բանակի նկարիչն էր (Արազն էլ ԽՍՀՄ բանակի մեր զորամասի նկարիչն էր), և Անահիտը, ով բանաստեղծուհի է՝ մի քանի գրքերի հեղինակ։

Արազի ծնողները՝ Մաքսիմ քեռին ու Ջուլիետտա մորաքույրը՝ իսկապես ավանդապահ հայ մարդիկ, ինձ շատ սիրելի ու խորապես հարգելի էին:

(լուսանկարում՝ Լիաննա, Ջիվան, Արարատ, Արազ և Անահիտ Քոչարյանները՝ Ջուլիետտա մայրիկի հետ)

Այնպես որ, չնայած պատերազմ էր, դժվար չէ պատկերացնել մթնոլորտն ու վիճակս, ու երկու օր հետո առավոտյան ոտքով ճանապարհ եմ ընկնում՝ քեռի Մաքսիմի և Արազի հետ իրականացնելով դեղին գույնի «թութնու արաղի» ու թնխարավի (թերխաշ ձու) ընդունման ծեսը։

-Վեչի՛նչ, կե՛ր, մաա՜տաղ ինիմ, ճընապայըս քինյան է՜,- ասում է քեռի Մաքսիմը՝ գառան խաշլամայի կտորից հրաժարվելուս ի պատասխան։

Արազը ծառայության էր, մեքենաներն էլ՝ ռազմաճակատում, ու նրա հետ ողջագուրվելով ու վերցնելով նրա մայրիկի պատրաստած ճանապարհի հացը՝ օղի, գինի, խաշլամա, հաց, թթու և պանիր, ուղղվում եմ Եմիշճանի ուղղությամբ, որ մի երկու-երեք կիլոմետրի վրա էր, որպեսզի այնտեղից էլ, անցնելով էլի մի այդքան, հասնեմ Սպիտակաշեն, որն արդեն գլխավոր մայրուղու վրա էր, և որտեղ ապրում էր մեր մյուս ընկերը՝ տեղի դպրոցի տնօրեն Կարո Հայրապետյանը։

Արդեն գյուղին մոտենալիս՝ հանդիպում եմ երկու կողմերից առատորեն ցախ կապած ձիու ետևից մանկահասակ որդու հետ քայլող մեկին։ Բարևում ու բարև եմ առնում։ Խոսում ենք՝ դեսից, դենից։ Երբ հասնում ենք գյուղ, հարցնում եմ Սպիտակաշեն տանող ճանապարհը։ Ասում է՝ կգնանք տուն, հաց կուտենք, կհանգստանաս, նոր ճանապարհդ կշարունակես։ Պատասխանում եմ՝ շնորհակալ եմ՝ Արազենց տնից եմ գալիս՝ ամեն ինչ տեղը տեղին է։ Սա հայացքը գամում է վրես։

-Արազին լյավ ը՞ս ճինանչում։
-Մտերիմ ընկերս է,- ասում եմ ինքնավստահ ու ներողամիտ։

Բայց չէ՝ սա մտադիր չէ պոկ գալ։ Համոզում է՝ ավելի լավ, Արազը մեր հարգված, հերոս ընկերն է (Արազին բոլորն էին ճանաչում և՝ ոչ միայն այս ձորակներում)։

Գնում ենք իրենց տուն, քիչ անց հավաքվում են նաև ընկերները՝ մի 7-8 հոգի։ Պարզվում է, որ գյուղի հրամանատարն է ինքը՝ Կոլյա անունով։

Սեղան է բացվում՝ ամեն ինչից՝ բոլ-բոլ։ Բայց կենացներ չկան։ Չնայած մի քիչ գինովցած եմ, բայց սկսում եմ հասկանալ, որ սրանք ինձ մի այլ կերպ են վերաբերվում՝ չեն վստահում։ Լարվածությունը հասնում է գագաթնակետին, երբ Սերգեյ Աբրահամյանի՝ 7-8-րդ դասարանների հայոց լեզվի «Շարահյուսություն» բաժնի դասագրքով դասերը պատրաստող Կոլյայի աղջկանն ասում եմ՝ բեր օգնեմ, ես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ եմ։

Կոլյան մոլեգնում է՝ էդ քեզ հայ ուսուցչի տեղ ե՞ս դրել։ Մնացածները դաժան հայացքներով ակնապիշ ինձ էին նայում։ Օ՜, Աստված, սրանք ինձ ադրբեջանցու տեղ են դրել։

Դեռևս ինքնավստահ եմ՝ ասում եմ՝ մի՞թե ես թուրքի նման եմ։
-Խե՞, ղաշանգ թորք չի ինու՞մ,- արհամարհաբար ու բարկացած ասում է Կոլյան ու շարունակում․
-Պասպորտդ նշանց տո՛։
Արազեն եննան ը՞ն ղարկալ։

Ինքնավստահությունս կամաց-կամաց սկսում է լքել ինձ, հասկանում եմ, որ աննախանձելի վիճակում եմ հայտնվել ու ասում եմ, որ անձնագիրս հետս չէ, բայց ես իրենց ընդհանուր հրամանատարին՝ Մոնթեին էլ լավ գիտեմ (Մոնթեի հետ մտերիմ էի դեռ Երևանից, գորիսեցի Արմենի հետ միասին, ով հիմա ապրում է Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաքում)։

-Մոնթեն հուվ ա՞,- ահեղորեն հնչեցնում է Կոլյան (միայն հետո իմացա, որ Մոնթե Մելքոնյանին այս կողմերում Ավո էին ասում)։

Ու այստեղ հնչեցվում է դատավճիռս․ սա դիմում է որդուն, թե՝ ահա՝ սրանք են այսինչի (անունը չեմ հիշում, բայց իրենց հարազատի մասին էր խոսքը) գլուխը կերել ու թե՝ հեսա սրան տանում ենք գոմը՝ քո ձեռքով սատկացնես։
Այստեղ արդեն իմ համբերությունն էլ է սպառվում, և մի տասը-տասնհինգ բառից կազմված՝ գորիսյան բարբառով հնչեցված հայհոյանքների շքեղ կրակահերթից հետո խարտյաշ մազերով մեկն ասում է․
-Գորիսեցի ե՞ս։
-Հա,- պատասխանում եմ գազազած։

Պարզվում է, որ սա Լենինականից է և սովորել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումում։
Սրան, սրան, սրան ճանաչում ե՞ս՝ տալիս է մի քանի գողականների ու դասախոսների անուններ։
Ավելին եմ ասում։

-Տղերք, սա թուրք չի, հաստա՛տ։
Զգում եմ, որ խոժոռադեմ Կոլյան էլ է համոզվել և, անգամ, մի քիչ վատ է զգում։ Բայց հրաժեշտի խոսքիս չի պատասխանում։

Ինձ նստեցնում են սպիտակ ձիու վրա, մի երիտասարդ էլ ուղեկցում է։
Երբ հասնում ենք Սպիտակաշեն՝ Կարոյենց տուն, զգում եմ, որ երիտասարդը զարմանում է, որ Կարոյին ճանաչում եմ, ումից ակնհայտորեն քաշվում էր։

Կարոյին պատմում եմ, որ ինձ ուղեկցող երիտասարդն ասել է, որ ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը և որոշել է դիմել ասպիրանտուրա, ու երկուսով լիաթոք ծիծաղում ենք։
Առավոտյան Կարոն ինձ տանում է Մարտունի, որտեղ հյուրընկալվում եմ մեր ընդհանուր ընկեր Մասիս Սուլեյմանյանի (հետագայում՝ Մարտունու էլեկտրացանցի տնօրենը) օջախում:


(Մասիսը՝ մարտընկերների հետ՝ առաջին շարքում՝ աջից, կապույտ վերնաշապիկով)

Իսկ արդեն մյուս օրվա առավոտյան Մասիսն իր մոտոցիկլետով ինձ հասցնում է Ստեփանակերտ։ Ընդ որում, ճանապարհի մի հատվածից քիչ հեռու դաժան մարտեր էին ընթանում, օդում ադրբեջանական ինքնաթիռ և ուղղաթիռ երևացին, լսելի էր արկերի պայթյունների ձայնը․ ինչ-որ տեղ՝ հեռվում, որոտաց ավիառումբը։

Իսկական էքստրիմով լիքը ճանապարհորդությանս վերջնակետը Ստեփանակերտի «Ղարաբաղ» հյուրանոցն էր։
Մտա համարս, ուրախությամբ արձանագրեցի, որ բաղնիքում տաք ջուր կա, Արազի մայրիկի հացը դրեցի սեղանին ու․․․ քնեցի։

Շատ տարիներ հետո՝ 2000-ականների վերջին, Մարտունի 3-ի հրամանատարի տեղակալ Արազ Քոչարյանի հրամանատարական УАЗ-ով Աշանի ճանապարհին կանգնեցինք Եմիշճանի տներից մեկի մոտ։ Մեքենայի ձայնային ազդանշանից հետո դուրս եկավ հենակներով առաջացող մորուքավոր մեկը (հետո իմացա՝ ականի պայթյունից Կոլյան կորցրել էր մի ոտքը)։

-Արա՜զ,- ուրախ գոռաց սա, լայն ժպտաց՝ հենակներից մեկն օդ բարձրացնելով ու հրավիրեց տուն։ Արազը շնորհակալություն հայտնեց ու ասաց, որ ժամանակ չկա։
-Կոլյա, մին ե՛կ ստեղ,-ասաց։ -Էս տղեն ճինանչում ը՞ս։
-Չէ, Արազ,- տարուբերեց գլուխը Կոլյան։
Արազը երկու խոսքով հիշեցրեց՝ էն տղան է, որին ուզում էիք գոմում գնդակահարել։

Կոլյան ժպտաց ու ասաց՝ բա ի՞նչ իմանար՝ ո՞վ է։
Այդ ժամանակ Արցախում մտցվել էր անձնագրային ռեժիմ, իսկ ես անձնագիրս հետս չէի վերցրել։

Կարեն Միրզոյան

Շարունակելի


Հոդվածաշարի նախորդ ակնարկը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված