Ալավերդու՝ այսպես կոչված «Լաչինի միջանցքը», որտեղ ԽՍՀՄ փլուզումից ի վեր փողոցային առեւտուր է իրականացվում, 2010 թվականին՝ երկաթուղու գծանցում տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո գրեթե փակվեց։ Գծանցը պատով փակվեց, բայց բնակիչները շարունակում են հատել երկաթգիծը՝ վտանգելով կյանքը, իսկ «Լաչինի միջանցքին» մոտիկ առեւտուր անողները բողոքներից հետո փակեցին տաղավարները, որից հետո քաղաքի կենտրոնական հատվածը վերածվեց անշուք տաղավարներով, աղբով լցված տարածքի։
Քաղաքային իշխանությունները կարծես մոռացել են քաղաքի կենտրոնական այս հատվածի մասին, որտեղ ժամանակի հետ աղբակույտերն ավելանում են, իսկ փայտե ու մետաղական մաշվող տաղավարները խաթարում են քաղաքի տեսքը։