«Մարտի 1»-ի սպանությունները բացահայտված չեն. Ռոման Բաղդասարյանը կպատժվի՞ ստելու համար
copy image url

«Մարտի 1»-ի սպանությունները բացահայտված չեն. Ռոման Բաղդասարյանը կպատժվի՞ ստելու համար

Ներքին 1 շաբաթ առաջ - 17:00 10-04-2025

Դավիթ Գույումջյան

Լրագրող

Հայաստանի իշխանությունները, նրանց մերձավորներն ու աջակիցներն աչքի են ընկնում արցախցիների նկատմամբ իրենց անհանդուրժող վերաբերմունքով։ Վերջիններս երբեմն անգամ իրենց վերաբերմունքը չեն կարողանում թաքցնել և արտահայտում են սոցցանցերում, ինչպես վերջերս դա արել էր Հանրային Ռադիոյի տնօրենի կինը՝ արցախցիներին անվանելով «Աստծուց մոռացված դժբախտներ» և «մեր հացը լափողներ»։

Եթե պաշտոնյաներն ու նրանց մերձավորները գոնե փորձում են իրենց ատելությունը զսպել, իսկ պոռթկումներ ունենալու դեպքում էլ սրբագրել իրենց, ապա նույնը չենք կարող ասել մերձիշխանական գործիչների մասին, ովքեր ունեն մեծ լսարան և այդ լսարանն օգտագործում են արցախցիներին թիրախավորելու, նրանց նկատմամբ թշնամանք տարածելու համար՝ հատելով բարոյականության բոլոր թույլատրելի սահմաններն ու կարմիր գծերը։ Այդ գործիչների շարքում իր ուրույն տեղն ունի մերձիշխանական հայացքներով բլոգեր Ռոման Բաղդասարյանը, ում լրջորեն անհանգստացրել էին սոցիալական աջակցությունը վերականգնելու պահանջով արցախցիների բողոքի ակցիաները։

Ֆեյսբուքում ավելի քան 20 հազար հետևորդ ունեցող բլոգը այս կապակցությամբ արցախցիներին թիրախավորող հերթական գրառումն է կատարել՝ պնդելով, թե, իբր Արցախի Հանրապետության հայաթափումից և բռնազավթումից հետո Հայաստանի կառավարության սոցիալական աջակցության ծրագրերից օգտվել են «1000 ղարաբաղցի սպա, ովքեր 2008 թվականի մարտի 1-ին եկել և սպանել են խաղաղ երևանցիներին»։ Նկատենք, որ թեպետ 2018 թվականի իշխանափոխությունից հետո վերաբացված «Մարտի 1»-ի գործի մեղադրական եզրակացության համաձայն այդ օրերին Արցախի ՊԲ շուրջ 1000 պայմանագրային զինծառայող է տեղափոխվել Հայաստան, որոնք տեղակայվել են կառավարության վարչական շենքի նկուղում և ՊՆ կենտրոնական հավաքակայանում, այնուամենայնիվ 10 սպանություններն ու դրանց հեղինակներն առ այսօր բացահայտված չեն։

Այսպիսով՝ թեպետ, ըստ «Մարտի 1»-ի գործի մեղադրական եզրակացության՝ 2008 թվականի հայտնի իրադարձություններում Արցախի Պաշտպանության բանակի որոշ զինծառայողներ ներգրավվել են, այնուամենայնիվ չկա ոչ մի մեղադրական վճիռ, որ սպանությունների հեղինակները հենց նրանք են։

Փաստացի այս սպանություններն առ այսօր բացահայտված չեն, ուստի Ռոման Բաղասարյանի պնդումը, թե «ՊԲ-ն զինծառայողներն են սպանել խաղաղ երևանցիներին» ապացուցված չեն։ Բացի այդ, այն իր մեջ ըստ էության հանցկազմ է պարունակում, քանի որ նա սրանով ոչ միայն արցախցիների նկատմամբ թշնամանք է հրահրում, այլև խախտում է անձի անմեղության կանխավարկածը։

Oragir.News-ը Գլխավոր Դատախազությունից հետաքրքրվեց՝ Ռոման Բաղդասարյանի գրառման կապակցությամբ վարույթ նախաձեռնվե՞լ է, թե՞ ոչ, որտեղից մեզ հորդորեցին գրավոր հարցում ուղարկել։ Գրավոր հարցումն արդեն իսկ ուղարկել ենք, պատասխանը ստանալուն պես՝ այն ևս կհրապարակենք։

Հիշեցնենք՝ նույն Բաղդասարյանը մի առիթով էլ հայտարարել էր, որ «ղարաբաղցիները պտի բայրաքթար ուտեն, մեռնեն»։ Այս հայտարարության կապակցությամբ ևս վերջինս առ այսօր պատասխանատվության չի ենթարկվել։

Ամենից շատ դիտված