Իրանը դեմ չէ ամերիկյան ներդրումներին պայմանով, որ նրանք չունենան լրտեսական նպատակներ. IRNA
copy image url

Իրանը դեմ չէ ամերիկյան ներդրումներին պայմանով, որ նրանք չունենան լրտեսական նպատակներ. IRNA

Արտաքին Մամուլ 1 շաբաթ առաջ - 10:21 10-04-2025
Իսլամական հեղափոխության առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին դեմ չէ ամերիկյան ընկերությունների կողմից Իրանում կապիտալ ներդրմանը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ նշելով, որ այս դիրքորոշման մասին տեղեկացել է անձամբ՝ առաջնորդի հետ հանդիպումների ընթացքում։ Այս մասին հաղորդում է իրանական IRNA լրատվական գործակալությունը:

Չնայած դրան՝ նախագահը զգուշացրել է, որ Իրանը երբեք չի հանդուրժի օտարերկրյա գործակալների ներթափանցման փորձերը, ովքեր կարող են փորձել լրտեսել կամ կազմակերպել դավադրություններ երկրի ներսում։

«Իրանն այն վայրը չէ, ուր կարելի է գալ, տեղեկություն հավաքել ու ապա սպանել այդ տեղեկությունը տրամադրած մարդկանց»,- նշել է նա։

Փեզեշքյանը ընդգծել է, որ իրական ներդրողները ազատ կլինեն մուտք գործել իրանական շուկա, քանի դեռ նրանք գործում են բիզնես շահերով և առանց քաղաքական նպատակների։

Նա հաստատել է, որ արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, ով գլխավորելու է ԱՄՆ-ի հետ ծրագրված բանակցությունները Օմանում, գործելու է՝ ըստ Խամենեիի ցցուցումների։

«Մենք բանակցելու ենք անուղղակի ձևով, քանի որ չենք վստահում ամերիկացիներին, և մեր դիրքորոշումը հստակ է»,- ասել է նախագահը։

ԱՄՆ պաշտոնյաները, այդ թվում նախագահ Դոնալդ Թրամփը, պնդում են, որ բանակցությունները լինելու են «ուղիղ» ձևաչափով, սակայն Իրանի կողմը վերահաստատում է՝ կխոսեն միայն օմանցի միջնորդների միջոցով։

Թրամփը երկրորդ պաշտոնավարման ժամանակաշրջանում պատրաստակամություն էր հայտնել նոր համաձայնություն կնքելու Իսլամական Հանրապետության հետ՝ մարտի 12-ին նամակ ուղարկելով Խամենեին, որի պատասխանն էլ ստացել էր ամսվա վերջին: