Վարդենիսում կրակոցներ են լսվում, Մարտուն Գրիգորյանի զգուշացումը,Հ1-ի մտահոգիչ պահվածքը․ Ամփոփ լուրեր

Ներքին Տեսանյութ 1 շաբաթ առաջ - 21:05 08-04-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 8-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:

Սյունիքի սահմանային գյուղերում երրորդ շաբաթ անընդմեջ կրակոցների մասին հաղորդումներից հետո այսօր արդեն նաև Գեղարքունիքի Վարդենիսից են հաստատում՝ մի քանի օր է՝ դարձյալ ադրբեջանական զինուժն ակտիվացել է։ Համայնքի կազմում ընդգրկված Կութի վարչական ղեկավար Գրիգոր Ավագյանն «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ միայն ձայներն են լսում և ոչ հաճախ, ապա հավելել՝ կրակոցները գյուղի ուղղությամբ չեն. «Գյուղում վնասված ինչ-որ շինություն կամ անասուն, բնակիչ մանավանդ չի եղել, վիրավորում չի եղել, բայց կրակոցներ լսվել են»: Նրա խոսքով՝ միայն գիշերային ժամերին են լսվում կրակոցները։ Նշենք, որ վերջին 20 օրվա ընթացքում ամեն գիշեր կրակոցներ լսվել Սյունիքի մարզի երկու սահմանային Խնածախ ու Խոզնավար գյուղերում։ Օրեր առաջ՝ մարտի 31-ին, Խնածախում կրակոցներից բնակելի տներից մեկի պատուհանն ու պատն էր վնասվել, որից հետո միայն ՊՆ-ն հաստատեց կրակոցների առկայությունը՝ պնդելով՝ հաղորդում են այն խախտումները, երբ դրանք ուղղված են Հայաստանի տարածքին, նպատակային ու թիրախային են։

Հայաստանում ԵՄ դեսպանի անունից քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչ հարձակման է ենթարկվել «Signal» հավելվածում։ Այս մասին ահազանգել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Արթուր Պապյանը։ «Զգուշացում. Մեր նախնական տեղեկություններով Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչ թիրախավորված ֆիշինգային հարձակման են ենթարկվել Signal հավելվածում։ Եթե դուք սեղմել եք գրանցման հղումը և մուտքագրել եք Ձեր Microsoft օգտահաշվով, անպայման փոխեք ձեր գաղտնաբառը, համոզվեք, որ օգտահաշվում ակտիվ սեսսիաներ չկան»,- նշել է Պապյանը՝ միևնույն ժամանակ իր օգնությունն առաջարկելով հարձակման ենթարկվածներին։

Արցախից բռնի տեղահանվածների համար նախատեսված բնակարանային աջակցության ժամանակավոր՝ 40+10 հազար դրամի ծրագիրը վերանայելու համատեքստում կառավարությունը նախատեսում է ներդնել նոր լրացուցիչ ծրագիր, որը կուղղվի սոցիալապես առավել խոցելի ընտանիքների կարիքների հասցեագրմանը։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ «Մենք հասկանում ենք, որ այս փոփոխության արդյունքում կարող են լինել ընտանիքներ, որոնք չեն կարողանալու հոգալ իրենց բնականային վարձի հարցը։ Եվ կառավարությունն արդեն իսկ որոշել է այս փոփոխված ծրագրին զուգահեռ մեկ լրացուցիչ աջակցության ծրագիր ներդնել, որը արդեն ընտանիքի եկամուտները կհաշվի և կորոշի՝ լրացուցիչ գումար հատկացնելու կարիք կա՞, թե՞ չկա»,- նշեց փոխվարչապետը։ Նրա խոսքով՝ աջակցությունը կտրվի այն ընտանիքներին, որոնց եկամուտը մեկ անձի հաշվով 55 հազար դրամից ցածր կլինի՝ ներառյալ աշխատանքային եկամուտները։ Այդ դեպքում ընտանիքին կհատկացվի 40 հազար դրամ՝ մեկ անդամի պարագայում, և հավելյալ 10 հազար դրամ՝ յուրաքանչյուր հաջորդ անդամի հաշվով։

Գյումրու համայնքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը զգուշացրել է, որ բացի իրենից։ «Մեր քաղաքը» դաշինքի անունից ոչ մի քաղաքական ուժ և ղեկավար չի կարող հանդես գալ՝ առանց իր հետ համաձայնեցնելու։ «Մնացած ելույթները, հայտարարությունները, կարծիքներն ու հարցազրույցները կապ չունեն իմ ու ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի հետ։ Ուստի, ձեր բոլոր վերլուծություններն արեք առանց ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի ու իմ անունը հղում տալով։ Հիմնավոր ու ստույգ տեղեկատվություն ‹‹Մեր քաղաքը›› դաշինքի հայտարարությունների մասին կարող եք կարդալ բացառապես իմ պաշտոնական էջում»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գրիգորյանը՝ խոստանալով՝ կուտակված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն իր կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված