Ոստիկանը «փողոցային ռազբորկայի» մասնակից կամ հարց լուծող չէ. Թաթոյանը՝ աղմուկ հանած տեսանյութի մասին
copy image url

Ոստիկանը «փողոցային ռազբորկայի» մասնակից կամ հարց լուծող չէ. Թաթոյանը՝ աղմուկ հանած տեսանյութի մասին

Ներքին 2 շաբաթ առաջ - 23:27 03-04-2025
ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի գրառումը.

Ոստիկանը «փողոցային ռազբորկայի» մասնակից կամ հարց լուծող չէ, որ անգամ քաղաքացու կողմից հայհոյանքի դեպքում արգելված վերաբերմունքով այն էլ հրապարակայնորեն նվաստացնի քաղաքացուն, և ՆԳՆ պարզաբանումը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու միջազգային պարտավորությունները, արդարացնում արգելված վերաբերմունքը:

Սա քաղաքական հովանավորության հետևանք է. տպավորություն է խմբով եկել են մարդ ծեծելու ու գիտեն, որ անպատիժ են մնալու:

Անպատժելիության, քաղաքական հովանավորության արդյունքում խրախուսվում է նման արգելված վերաբերմունքը և հեղինակազրկվում այն ոստիկանների ծառայությունը, որն առանց օրենքի խախտումների է իրականացվում։

Գյումրեցի 75-ամյա տիկնոջ վկայությունը (տեսանյութով) նույնպես իրավապահ մարմինների` օրենքով արգելված վերաբերմունքի մասին է:

Հիմա մեր հանրության համար մի քանի պարզաբանում անեմ:
1) Կոնկրետ իրավիճակում չկա որևէ օբյեկտիվ ապացույց առ այն, որ մեքենայի վարորդը հայհոյել է, ու այդ հայհոյանքը եղել ուղղված հենց ոստիկանին: Քաղաքացին արդեն հրապարակային ասել է, որ չի հայհոյել: Միայն ոստիկանների խոսքերը բավարար չեն, ավելին`քանի որ վատ վերաբերմունքի (Ill-treatment) հետ գործ ունենք, ուրեմն պարտավորությունը պետությանն է` հիմնավորելու (կրկնում եմ` միայն ոստիկանների խոսքերը բավարար չեն), որ նման բան տեղի է ունեցել ու առավել ևս, որ դա ուղղված է եղել ոստիկաններին: Եթե պետությունը չապացուցեց, որ դա տեղի է ունեցել, ուրեմն նման բան չի եղել:

2) Ես հատուկ եմ նշել, անգամ եթե նման բան է տեղի ունեցել, միևնույն է, ոստիկանների վերաբերմունքն անթույլատրելի է:

3) Բանն այն է, որ ոստիկանի համար օրենքով և միջազգայնորեն նախատեսված են ֆիզիկական ուժ ու հատուկ միջոցներ (ձեռնաշղթան տվյալ դեպքում) գործադրելու հնարավորություն` միայն որպես բացառիկ միջոցներ:
Դրանցից յուրաքանչյուրն ունի կիրառության սպառիչ հիմքեր, նպատակներ (օրինակ` ոստիկանի նկատմամբ դիմադրությունը կանխելու կամ փախուստի փորձ անող հանցանքի մեջ մեղադրվող անձի փախուստը կանխելու անհրաժեշտությունը և այլն):
Հատուկ միջոցներ ու անգամ ֆիզիկական ուժ գործադրելուց առաջ ոստիկանը պարտավոր է զգուշացնել քաղաքացուն այդ մասին ու նրան բավարար ժամանակ տրամադրել` ոստիկանի պահանջը կատարելու, իրավախախտումը դադարեցնելու համար (թեև այստեղ պահանջի տեղ էլ չկար):
Այսինքն` կան կոնկրետ կանոններ:

4) Ավելին, տեսանյութից ակնհայտ է ոստիկանների թույլ տված ևս մեկ կոպիտ խախտում: Ոստիկանները ազատությունից զրկում են քաղաքացուն: Սա նշանակում է, որ նրանք պարտավոր էին քաղաքացուն տեղում պարզաբանել միջազգայնորեն երաշխավորված նրա նվազագույն իրավունքները (լռելու, ազատությունից զրկելու պատճառներն իմանալու, փաստաբանի և մի շարք այլ իրավունքներ և պատճառները պարտավոր էին հենց տեղում պարզաբանել): Տեսանյութում նրանք ոչ միայն դա չեն անում, այլ այդպիսի հնարավորություն անգամ չեն տալիս մարդուն:

5) Եթե անգամ համարենք, որ քաղաքացին հայհոյել է, ապա կոնկրետ իրավիճակում օրենքով նախատեսված հիմքերից որևէ մեկը չկա, որ ոստիկանին կտար ֆիզիկական ուժ ու հատուկ միջոց գործադրելու իրավական հնարավորություն: Ձեր բերած տրամաբանությամբ` հայհոյանք տվող մարդուն պատասխանելու համար պետք է ոստիկանների համար նախատեսվի նաև նրան պատասխան հայհոյելու հնարավորություն ու սահմանվի, թե ինչ հայհոյանքի համար ինչ հայհոյանքով է ոստիկանը պատասխանում քաղաքացուն:

6) Ոստիկանը չպետք է քաղաքացու հետ հարաբերվելիս իջնի այն աստիճան, որ նման պահվածք դրսևորի: Ոստիկանը չպետք է տրվի որևէ սադրանքի: Ոստիկանը պետք է մնա իր բարձունքում` օրենքով նախատեսված լիազորությունների սահմանում: Ի վերջո, ֆիզիկական ուժը կամ հատուկ միջոցները չեն ենթադրում այս ենթադրյալ (չապացուցված) արարքի համար քաղաքացուն 4 հոգով նվաստացնելու, գետնին գցելու, բռնության ենթարկելու հնարավորություն: