Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է ապրիլի 3-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ:
Նիկոլ Փաշինյանն այսօր խոստովանել է, որ իր առավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ կա։ «Իսկ գիտե՞ք՝ ինչու է սխալ կադրային քաղաքականություն վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է: Իսկ գիտեք ինչու է ճգնաժամ, որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 և ավել տոկոսում մանկապարտեզ չկա, որբ որ դպրոցների 70 տոկոսը և ավելին կիսաավերված է՝ ֆիզիկական և բովանդակային առումով, չի կարող այդտեղ լինել կադրային սով։ Հիմա կասեն` ինչ է, մեր երկրի արգանդը չորացե՞լ է, չէ, չի չորացել, ժողովուրդ ջան. կա՞ն լավ կադրեր, կան, իհարկե, փոքր խմբով, որոնք 1-10 մլն դրամով աշխատում են ՀՀ-ում, ՀՀ-ից դուրս ու չեն գա աշխատեն ՀՀ կառավարությունում, որ ստանան 400,000 դրամ հերիք չի ու ամեն աշխատած կոպեկի հետ էլ մի անեծք տանեն տուն` էլի պարգևավճար, էլի պարգևավճարը տարան»,- դժգոհել է Փաշինյանը:
Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 33-ամյակի կապակցությամբ արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն ջերմ ուղերձներով են փոխանակվել։ Իր ուղերձում Միրզոյանը կարևորել է գործընկերային փոխգործակցության շարունակությունը՝ հիմնված Երևանի և Մոսկվայի շահերի վրա և ի բարօրություն երկրների ու ժողովուրդների։ «Մենք որպես ուղենիշ ունենք քաղաքական, սոցիալ-տնտեսական, մարդասիրական և այլ ոլորտներում երկարաժամկետ փոխշահավետ համագործակցությունը և նպատակ ունենք շարունակել ու ընդլայնել բովանդակալից, մեր երկրների շահերին ամբողջությամբ համապատասխանող երկխոսություն», - ասված է Միրզոյանի ուղերձում։ Լավրովն իր հերթին շնորհավորել է Միրզոյանին, մասնավորապես նշելով՝ «չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու դրսի փորձերին»՝ Երևանին ու Մոսկվային հաջողվել է պահպանել քաղաքական երկխոսության բարձր մակարդակն, ինչպես նաև ընդլայնել առևտրատնտեսական համագործակցությունը։ «Մենք պատրաստ ենք շարունակել համատեղ աշխատանքը՝ խորացնելու և բարելավելու գործընկերության արդյունավետությունը՝ ի շահ մեր երկրների քաղաքացիների, ի շահ Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ամրապնդման», - ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի ուղերձում։
Գյումրիի ավագանու ընտրությունների արդյունքներով 3-րդ տեղը զբաղեցրած ուժի՝ «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ Մարտուն Գրիգորյանը 4-րդ օրն է՝ պահում ինտրիգը և չի հստակցնում՝ ի վերջո սատարելո՞ւ է երկրորդ տեղը զբաղեցրած նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Երեկ Մարտուն Գրիգորյանին կոչով դիմել էր տնային կալանքի տակ գնտվող ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հորդորելով մի կողմ դնել Վարդան Ղուկասյանի հետ տասնամյակներով ունեցած հակամարտությունը և աջակցել վերջինիս՝ նախապատվությունը տալով «չարյաց փոքրագույնին»։ «Մարտո՛ւն ջան, անգլիացիներն ասում են, որ երկու չարիքներից և ոչ մեկին չեն ընտրում։ Մենք Անգլիա չենք, և Նիկոլի իշխանության համեմատ մնացած բոլոր խնդիրները խամրում են, ուստի չարյաց փոքրագույն նախընտրելը, իմ կարծիքով, այլընտրանք չունի», - գրել է նա։ Հիշեցնենք, որ առանց Մարտուն Գրիգորյանի աջակցության Վարդան Ղուկասյանը չի կարող համայնքապետ ընտրվել․ իր և իրեն աջակցող մյուս երկու ընդդիմադիր ուժերի մանդատները բավարար չեն:
Նիկոլ Փաշինյանն այսօր նաև ասել է, որ Հայաստանում գործող վարորդական իրավունքները համատարած կեղծ են: Այդ մասին նա նշել է կառավարության նիստում՝ անդրադառնալով վարորդական իրավունք ունենալու, բայց ավտոմեքենա վարելու հմտություն չունենալու դեպքերին: Նրա խոսքով՝ եթե Հայաստանում վթարների մեծ քանակը և զոհերի մեծ թիվը հանրային ու անվտանգության խնդիր է, ապա պետք է վարորդների ատեստավորում անցկացնել։ «Որևէ մեկը Կառավարության պատասխանատվությունը չի կարող նսեմացնել: Հարցը դա չէ: Կառավարությունն ամեն ինչի պատասխանատուն է, բայց մարդը խմում, գնում, պատին է տալիս, 7-8 հոգի զոհվում է, դուրս են գալիս, ասում են՝ սա երկիր չէ ընդհանրապես: Զոհերի թիվն այս երկրում ինչքա՞նի հասավ,- նկատեց Փաշինյանը և հավելեց.- սա ֆունդամենտալ իրողություն է մեզ համար, մենք անընդհատ այդ կեղծիքի մեջ ենք, մեր վարորդական իրավունքները համատարած կեղծ են: Մարդիկ համատարած նստում են ղեկին՝ դրա իրավունքը չունենալով»,- ասել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: