Հայաստանում 2024 թվականին ընտանեկան բռնության դեպքերը հանրապետությունում զգալի աճ են արձանագրել։
Այս մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազության 2024 թվականի գործունեության հաշվետվության մեջ։ Հատկապես կտրուկ ավելացել են ֆիզիկական և հոգեկան ներգործության դեպքերը։
Ըստ պաշտոնական տվյալների՝ 2024 թվականին արձանագրվել է ընտանեկան բռնության 934 դեպք՝ ֆիզիկական ներգործությամբ, այն դեպքում, երբ 2023 թվականին այդ թիվը կազմել էր 372։ Աճը կազմել է 562 դեպք կամ 151 տոկոս։ Հոգեկան ներգործության դեպքերը 2024-ին կազմել են 166, իսկ 2023-ին՝ 46։ Այս ցուցանիշը ևս աճել է 120 դեպքով կամ 261 տոկոսով։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականին արձանագրվել է ընտանեկան և կենցաղային բռնության 1360 դեպք, որոնցից 1100-ը (81 տոկոսը) եղել են ֆիզիկական և հոգեկան բռնության դրսևորումներ։ Նմանատիպ պատկեր է եղել նաև 2023 թվականին՝ 508 դեպքից 418-ը (82 տոկոս)։
Արձանագրվել է նաև բռնության առանձնապես ծանր դեպքերի աճ։ Եթե 2023 թվականին ընտանեկան և կենցաղային բռնության հետևանքով սպանության 3 դեպք էր արձանագրվել, ապա 2024 թվականին՝ 13։ Առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերն էլ աճել են՝ 8-ից հասնելով 15-ի։