Վերջին օրերին Ադրբեջանը շարունակաբար խախտում է հրադադարի ռեժիմը և կրակում է Սյունիքի ուղղությամբ։ Անցած շաբաթավերջին տեղեկություններ կային նաև Սոթքում հնչած կրակոցների մասին։
Այս ամենի ֆոնին Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ադրբեջանցիները երբ սահմանին կրակում են, ձեր կարծիքով՝ ու՞ր են կրակում»։
Հարցվածների ճնշող մեծամասնությունը նշեց, որ կրակում է Հայաստանի ուղղությամբ։ Եղան նաև քաղաքացիներ, ովքեր նշեցին, որ չգիտեն այդ հարցի պատասխանը։
«Ենթադրում եմ Հայաստանի ուղղությամբ, ուր պիտի կրակեն, տիեզե՞րք երևի»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ չգիտի, թե ինչ է մտածում մեր կառավարութունը։
«Մեզ են կրակում, ուր են կրակում։ Ես չգիտեմ մեր իշխանությունն ուր է նայում»,- նշեց նա։
Հարցվածներից մեկի կարծիքով էլ՝ բնականաբար Հայաստանի ուղղությամբ են կրակում։
«Իմ կարծիքով սահմանին են կրակում, ուրիշ ձև կա՞»,- ասաց նա։
Քաղաքացիներից մեկն էլ նշեց, որ ադրբեջանցիները փորձում են վախեցնել մեզ։ «Հենց նենց կրակում են, փորձում են վախեցնեն մեզ, բայց մենք չենք վախենա»,- ասաց նա։
Անցորդներից մեկի կարծիքով էլ՝ ադրբեջանցիները չեն կրակում։ «Ադրբեջանցիներն առայժմ չեն կրակում, խաղաղ վիճակ է, դրանք տարաձայնություններ են Ադրբեջանի կողմից։ Մենք առայժմ խաղաղ վիճակում ենք»,- ասաց նա։
«Հայաստանի վրա,որովհետև էսքան զոհերից հետո էլ երկիր չմնաց։ Էս խեղճ ժողովուրդն է մեղք, խեղճուկրակը, իսկ ղեկավարները իրենց համար առոք-փառոք ապրում են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։
Մանրամասները՝ տեսանյութում։