ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը:
Կողմ են քվեարկել 64 պատգամավոր, դեմ՝ 7, ձեռնպահ - 0:
Քվեարկությանը չի մասնակցել «Հայաստան» խմբակցությունը:
Կառավարությունն առաջարկել էր օրենքի տեքստից հանել նախաբանը։
«Հայաստանն՝ արտահայտելով ժողովրդի կամքը» նախադասությունը հանել են, խմբագրել են այսպես՝ «Հայաստանը, նպատակ ունենալով զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները, բարձրացնել հասարակության բարեկեցությունը, ամրապնդել անվտանգությունը, դիմակայունությունը և իրավունքի գերակայունությունը, հայտարարում է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկը»։
ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը հայտարարել է, որ օրինագծի ընդունումն ինքնին չի հանդիսանում ԵՄ-ին անդամակցության հայտ։
«Այնուամենայնիվ, այն հաղորդում է ԵՄ-ի հետ գործընկերության խորացումը նոր մակարդակի հասցնելու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիների ձգտումը ու համահունչ է բալանսավորված արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել է նա։