Ոչ մի օր՝ առանց Արցախի. Արցախի հազարամյա գյուղերը. Դահրավ
copy image url

Ոչ մի օր՝ առանց Արցախի. Արցախի հազարամյա գյուղերը. Դահրավ

Ներքին 1 ամիս առաջ - 22:30 20-03-2025
Ինչպես և վայել է գեղատեսիլ Արցախին, Շնաքարի ստորոտին տեղակայված Դահրավը գեղեցիկ բնություն ունի. ալպիական մարգագետիններ, երկնաբարձ լեռներ, պատմաճարտարապետական կոթողներ, սառնորակ աղբյուրներ ու սաղարթախիտ անտառներ, որտեղ համատեղ գոյատևում են եղնիկներն ու գայլերը, արջերը, նապաստակները, օձերն ու աղվեսները:

Հենց ի սկզբանե, գյուղում հայեր են բնակվել, ինչի մասին են վկայում գյուղի տարածքում պահպանվող պատմաճարտարապետական բազմաթիվ կոթողները՝ եկեղեցիներ, վանքեր, մատուռներ, խաչքարեր, պատմական աղբյուրներ, մետաղաձուլարանի հետքեր, հին բնակավայրերի մնացորդներ, իսկ Քարագլուխ կոչվող հանդամասում գտնվում է պատմական երեք հատվածից բաղկացած գերեզմանոցը, որի մի հատվածը հնագույն ժամանակներին է վերաբերվում։

Նրա շուրջ և ձևավորվել են մյուս երկու հատվածները՝ ուշմիջնադարյան և ժամանակակից: Հնագույնը գտնվում է մեջտեղում. մահարձաններից շատերը տաշած քարից են, որոնց վրա, սակայն, գրություններ չկան, ու ենթադրվում է, որ հաճախ անգամ չհղկված տապանաքարերով այս գերեզմանները վերաբերում են նախաքրիստոնեական ժամանակներին, իսկ ներկայիս՝ գործող գերեզմանոցում պահպանվել են նաև վաղ միջնադարի (5-7-րդ դարեր) շիրմաքարեր:

Գյուղի վարչական տարածքն ընդգրկում է շուրջ 2500 հա՝ Թափանակճի տեղամասից մինչև Կրխկզի (Քառասուն աղջիկներ) ջրբաժան: Այդ տարածքը բաժանվում է երկու գոտու՝ ցածրադիր՝ «Ներքե հանդ» և բարձրադիր՝ «Երե հանդ»: Ներքե հանդում են հիմնական վարելահողերն ու խոտհարքերը: Դահրավում էր գտնվում Ղարաբաղի ամենամեծ թթայգին:

Բնակչությունը, 2017-ի տվյալներով, մոտ 200 մարդ:
19-րդ դարի վերջում այստեղ կար 110 տուն և 781 բնակիչ: 1907-ին գյուղն ուներ 955 բնակիչ, իսկ արդեն 1917-ին՝ 1236 բնակիչ:

1939-ին գյուղում բնակվում էր ավելի քան 1900 մարդ: 1970-ին Դահրավում կար 137 տուն՝ 450 բնակչով, իսկ 1987-ին՝ 115 տուն, 287 բնակիչ:

Գյուղը տեղակայված է շրջկենտրոն Ասկերանից 16 կմ հեռավորության վրա՝ հարավ-արևմտյան ուղղությամբ՝ ծովի մակերևույթից 800 մետր բարձրության վրա, Շնաքար լեռանլանջին: Մինչև 1978 թվականը, երբ կազմավորվեց Ասկերանի շրջանը, այն մտնում էր Ստեփանակերտի շրջանի մեջ:

ԳՅՈՒՂԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Մերօրյա տեղադրությամբ գյուղը հայտնի է երկուսուկես դար կամ՝ քիչ ավելի, չնայած Դահրավը շատ ավելի հին պատմություն ունի, ինչի մասին են վկայում գյուղի տարածքում գտնվող ճարտարապետական կոթողներն ու բնակատեղիները և գյուղի մշակույթին դրանց կապվածությունն ու արտահայտությունը նրա մեջ:

Տարածաշրջանում ծավալված պատերազմական իրադարձությունների և թշնամական ասպատակությունների պատճառով ժամանակի հետ գյուղի, համայնքի տեղադրությունը նաև որոշակի փոփոխության է ենթարկվել:

Ըստ ավանդության, ժամանակակից Դահրավի հիմքերը գալիս են Հախում յուզբաշուց: Ծագումով նա Լաչինի շրջանի Մաղավուզ գյուղից էր: Դա Փանահ խանի ժամանակներում էր (18-րդ դարի կեսեր): Հաղթանդամ և վայելչագեղ Հախումը պրոֆեսիոնալ զինվորական էր՝ հարյուրապետ: Գործի բերումով նա ժամանակ առ ժամանակ առնչվում էր խանի հետ: Հերթական հանդիպումից հետո, չընդունելով նվաստացումը, հարյուրապետն ընդհարվում է խանի հետ: Գոռոզ Փանահը չի հանդուրժում Հախումի պահվածքը, ինչի արդյունքում նա շնորհազրկում է հպարտ արցախցի հարյուրապետին:

Զինվորական գործի բերումով՝ հարյուրապետն արդեն եղել էր այս կողմերում:
Ու մինչ Շուշիից ետ՝ Մաղավուզ վերադառնալը, Հախումը վերստին գալիս է այստեղ: Տեսնում է՝ բարեբեր հողեր են: Հավանելով տարածքն ու բնակության համար հարմար գտնելով՝ այստեղ էլ հիմնավորվում է:

Նշենք, որ գոյություն ունի երկու վարկած: Ըստ առաջինի՝ այստեղ առաջինը հենց Հախում յուզբաշին է եկել: Ըստ երկրորդի, սկզբից այստեղ հիմնավորվել է Ղուլի անունով մեկը, ում մոտ հենց եկել է Հախումը: Բայց սա քիչ հավանական է, քանզի, ի տարբերություն Ղուլիի, Հախումը որոշակի կարողության, ճանաչման և հնարավորությունների տեր մեկն էր և, ամենայն հավանականությամբ, այստեղ հիմնավորվելուց հետո նա իր մոտ է բերել և Ղուլիին:

Ասվածի մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ Ղուլիի սերնդի տները կառուցվեցին շատ անհարմար տեղերում՝ քերծերին մոտ, բարեբեր հողերից հեռու: Հախում յուզբաշու տունը գյուղի կենտրոնում էր, հարթվայրում, նրա տիրապետության տակ լավագույն հողերն էին:

Անցնում է ժամանակ: Աստիճանաբար ձևավորվում են առաջին տոհմերը, գյուղը դառնում է շրջապատում հայտնի բնակավայր:

Գյուլիստանի պայմանագրով (1813 թվականի հոկտեմբերի 12) Ղարաբաղն անցնում է Ռուսաստանին: Դահրավի համար սկսվում են նոր ժամանակներ: Գյուղն ավելի է բարգավաճում:

1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմից հետո գյուղում ապաստան են գտնում մի խումբ արևմտահայեր: Դահրավցիները նրանց գրկաբաց են ընդունում, ապաստան ու ապրուստ տրամադրում: Սակայն, որոշ ժամանակ անց, Արևմտյան Հայաստանից եկած հայերը հեռանում են գյուղից՝ վերադառնալով արդեն խաղաղ կյանքի համար անվտանգ իրենց բնօրրանը: Հետագայում էլ նրանցից ոմանց ժառանգները հյուրընկալվում են Դահրավում՝ իրենց երախտագիտությունը հայտնելու հյուրընկալ արցախցիներին:

Գյուղում կա Կիլիգանց տոհմը (Խաչատրյան ազգանունն են կրում. իսկ ընդհանրապես, գյուղում կա Խաչատրյան ազգանունը կրող չորս տոհմ): Ասում են, որ նրանք այստեղ են եկել Կիլիկիայից: Այս տոհմի ներկայացուցիչներն ունեն շեկ՝ ցորնագույն մազեր: Հիմնականում բարձրահասակ են, ուսումնատենչ: Գրագիտությունը նրանց մեջ հարգի է եղել՝ տոհմում բազմաթիվ մտավորականներ են եղել: Երբ նրանք գյուղ եկան, Կիլիգանց Հարությունի նախաձեռնությամբ եկեղեցի կառուցվեց գյուղից վեր. դա Սռե նհատակ (սարում նահատակված) սրբավայրն է, որտեղ նախկինում դահրավցիները մատաղի իրենց ծեսն էին անում (Տնտեսագիտության թեկնածու Աբել Սամվելյանը 1994-ին վերանորոգել է մատուռ-եկեղեցին:



2017-ի օգոստոսի 20-ին նրա նախաձեռնությամբ համագյուղացիները բարեկարգել են եկեղեցու տարածքը: Նույն բնույթի աշխատանքներ տարածքում իրականացվել են նաև 2016-ի ամռանը):

Նույն այս տոհմից Կիլիգանց Բախշին էլ ավարտել է Պետերբուրգի արվեստի ակադեմիան՝ ստանալով ճարտարապետի մասնագիտություն: Դա 1890-ականներին էր: Նրան ուղարկում են միջինասիական Կոկանդ քաղաք (ներկայումս՝ Ուզբեկստանում), որտեղ նրա նախագծով կառուցվում է եկեղեցի: Այստեղ նա նաև սեփական մետաքսի գործարան է կառուցում: Բախշին իր մոտ է տանում նաև իր հորեղբորորդուն՝ Արսեն Խաչատրյանին, ով նույնպես շինարար-ճարտարապետ էր: Մի որոշ ժամանակ Կոկանդում աշխատելուց հետո, Հայաստանի խորհրդայնացումից հետո, Արսենը վերադառնում է Հայաստան՝ նշանակվելով Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետ: Բարձրագույն կրթություն են ստանում նաև Բախշու և Արսենի բազմաթիվ հարազատներ ևս: Նրանց տոհմի մի ճյուղն էլ տվել է բազմաթիվ պրոֆեսիոնալ հեղափոխականներ:

1893 թվականին Արցախում բռնկվում է խոլերայի համաճարակ: Սա հիգերորդ պանդեմիան՝ համաճարակն էր, որ ներառել էր բազմաթիվ երկրներ: Արցախում այն սկսվեց Հադրութից, որտեղ տեղակայված էր ցարական բանակի կայազորը: Վարակը հասնում է նաև հայկական գյուղեր, որտեղ դիակիզումը սովորական պրակտիկա էր այդ օրերին:

Թե ինչպես է պատահում, գյուղի քահանան՝ տեր Վանեսը, ով այդ տարածաշրջանի ամենաուսյալ մարդկանցից էր, վարակվում է:

Երեկոյան հանդից տուն դարձած Սամիին նրա կինը՝ Աննան, վախեցած տեղեկացնում է՝ Վանեսը հիվանդացել է:
-Ի՞նչ հիվանդության մասին է խոսքը,-հարցնում է Սամին:

-Չգիտեմ, բայց ասում են, որ ծանր հիվանդ է:

Սամին ուղղվում է դեպի քահանայի տունը:

-Տե՛ր հայր, տե՛ր հայր,-անդադար կանչում է Սամին: Բայց պատասխանող չկար: Պարզվում է, որ Վանեսը կողպել էր դռները և կանգնել տան պատշգամբում, որտեղից քիչ հետո ձայնում է.
-Ժողովու՛րդ, ես հիվանդացել եմ: Այն վարակիչ է և շատ վտանգավոր: Ինձ թող ոչ ոք չմոտենա:

Անդրդվելի Սամին, որ ազգակցական կապի մեջ էր և մտերիմ քահանայի հետ, բարձրանում է նրա տանտանիքն ու այնտեղից իջնում պատշգամբ՝ տեղեկանալու նրա վիճակից: Այդպես նա ևս վարակվում է խոլերայով և իր մահկանացուն կնքում:

Մահանալուց առաջ Վանեսը պատվիրել էր համագյուղացիներին՝ խինդեղնով (սև թանթրվենի) ծեծել ձեռքներն ու պատգարակը, որի մակերեսը ևս պատել այդ բույսի տերևներով (դագաղ չշինել)` խուսափելու համար վարակից և մարմինը նետել փոսը: Այդպես, բարոյական դրվատելի նկարագիր և մեծ ոգի ունեցող քահանան հրահանգավորում է իր հուղարկավորության ընթացքը, ինչը և արվում է:

Կարեն Միրզոյան

Մաս 1

Շարունակելի

Նախորդ ակնարկը՝ այստեղ:




Ամենից շատ դիտված