Ոչ մի օր՝ առանց Արցախի․ Արցախի հազարամյա գյուղերը․ Դահրավ (6-րդ մաս)
copy image url

 Ոչ մի օր՝ առանց Արցախի․ Արցախի հազարամյա գյուղերը․ Դահրավ (6-րդ մաս)

Ներքին 2 շաբաթ առաջ - 22:00 31-03-2025
Դահրավ գյուղը տվել է նաև մի շարք նշանավոր ու հայտնի մարդիկ, ովքեր իրենց ծանրակշիռ ներդրումն են ունեցել գիտության և մշակույթի բնագավառում, ինչպես նաև պետական կառավարման համակարգում՝ ԽՍՀՄ ժամանակներից մինչ օրս:

Միքայել Հարությունի Սարկիսով



Միքայել Հարությունի Սարկիսովը ողջ ԽՍՀՄ-ում հայտնի ինժեներ-էներգետիկ էր։

Ծնվել է 1909-ին՝ Դահրավում: Քիչ անց նրանց ընտանիքը տեղափոխվում է Բաքու, որտեղ և Միքայելը ստանում է միջնակարգ կրթություն, ինչից հետո էլ ընդունվում Մոսկվայի պոլիտեխնիկական ինստիտուտ, ավարտում գերազանցությամբ:

1931 թվականին աշխատանքի է անցնում Մուրմանսկի մարզում կառուցվող էլեկտրակայանում, որպես ինժեներ: Որոշ ժամանակ անց երիտասարդ գիտնականը նշանակվում է Կոլա թերակղզու ողջ էլեկտրոհամակարգի գլխավոր ինժեներ:

Երբ սկսվեցին Սովետա-ֆիննական, ապա և՝ Երկրորդ համաշխարհային պատերազմները, հազվագյուտ կարևորագույն մասնագետների թվում Սարկիսովը ևս ազատվեց զորակոչից: Նա ոչ միայն կարողացավ տարածաշրջանի էներգոհամակարգն անխափան աշխատեցնել, այլև իր նորարարության շնորհիվ կարողացավ 15 տոկոսով ավելացնել էլեկտրահաղորդիչների հզորությունը:

1944 թվականին նա նշանակվում է Մոսկվայի էլեկտրոհամակարգի գլխավոր ինժեների տեղակալ, իսկ արդեն 1952-ին՝ Մոսկվայի էլեկտրոցանցի պետ:

1954-1960 թթ. նա եղել է Վոլգյան ՀԷԿ-ի գլխավոր ինժեները: Այդ ժամանակներում ՀԷԿ-ը համարվում էր ամենահզորներից մեկն աշխարհում: Զուգահեռաբար դասախոսում է Կույբիշևի (Սամարա) ինդուստրիալ ինստիտուտում, որտեղ նրան շնորհվում է պրոֆեսորի կոչում: 1960 թվականին արդեն ողջ երկրում հայտնի էներգետիկը նշանակվում է Խորհրդային միության էլեկտրահամակարգի պետպլանի գլխավոր մասնագետ:

1963-1964 թվականներին եղել է Մոսկվայի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտի տնօրենը:
Երբ 1958 թվականին Խորհրդային Միության ու Եգիպտոսի միջև ստորագրվեց Ասուանի բարձրաբերձ ամբարտակի շինարարությանը ԽՍՀՄ-ի մասնակցության մասին պայմանագիրը, մի շարք բարձրակարգ մասնագետների հետ Սարկիսովը ևս գործուղվեց Եգիպտոս: Այստեղ նա Եգիպտոսի արաբական հանրապետության միասնական էներգետիկ համակարգի կազմակերպական հարցերով գլխավոր փորձագետ-խորհրդատուն էր: Միջազգային կարևոր նշանակություն ունեցող այս կառույցի շինարարության ավարտից հետո նա վերադառնում է Մոսկվա և աշխատանքի անցնում Ս. Օրջոնիկիձեի անվան էներգետիկայի ինստիտուտում:

Բազմաթիվ գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ է, պարգևատրվել է Լենինի, «Աշխատանքային կարմիր դրոշի» և «Պատվո նշան» շքանշաններով, մեդալներով:

Պատերազմի ավարտից հետո, 1947-ին, երբ ողջ պետությունն ու նրա ղեկավարությունը զբաղված էին ավերված տարածքների վերականգնմամբ, Միքայել Սարկիսովը Մոսկվայից Դահրավ է բերում էլեկտրոկայանի բոլոր դետալներն ու հայրենի գյուղում փոքրիկ հիդրոէլեկտրակայան կառուցում: Իր հետ անգամ մեծ քանակությամբ անջատիչներ ու էլեկտրական լամպեր է բերում: Գյուղում տեղադրվելիք էլեկտրասյուների համար հատվելիք ծառերն ինքն է ընտրում, մասնակցում դրանց հատմանը: Իսկ սյուները տեղադրելուց հետո էլ ինքն անձամբ էր բարձրանում դրանց վրա՝ լարերը քաշելու:

Միքայել Սարկիսովը մահացել է 1994 թվականին: Նրա աճյունն ամփոփվել Մոսկվայի հայկական գերեզմանոցում:

Հայկ Հարությունի Խաչատրյան



Դահրավցի է նաև հայտնի պատմավիպասան, թարգմանիչ, մատենագետ Հայկ Խաչատրյանը․ ծնվել է 1926 թվականի դեկտեմբերի 15-ին: Սերում է իշխանական տոհմից:

Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում՝ ավարտելով Դահրավի յոթնամյա դպրոցը, 1944-ին ավարտել է Շուշիի մանկավարժական ուսումնարանը:

1945-ին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ: 1950-ից աշխատանքի է անցնում Կապանում, որպես Լենհանքերի միջնակարգ դպրոցի տնօրենի՝ ուսումնական գծով տեղակալ և, միևնույն ժամանակ, հայոց լեզվի և գրականության ուսուցիչ:

1952-1954 թթ. եղել է Կապանի շրջանի ժողովրդական կրթության բաժնի վարիչը՝ զուգահեռաբար դասավանդելով նաև քաղաքի թիվ 2 միջնակարգ դպրոցում:

1955-1959 թթ. աշխատել է Կապանի «Պղնձի համար» և «Քաջարան» թերթերի խմբագրություններում:
1960-1965 թթ. աշխատել է Հայկական հեռագրական գործակալությունում (հետագայում՝ «Արմենպրես»), սկզբում որպես թղթակից, հետո արդեն՝ բաժնի վարիչ:

1964-1965 թթ. եղել է գործակալության գլխավոր խմբագիրը:
1965-1971թթ. «Հայրենիքի ձայն» ամսագրի խմբագրի տեղակալն էր:

1971 թվականից մինչև կյանքի վերջն աշխատել է Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրությունում՝ սկզբից որպես գիտական և գրական հսկողության բաժնի վարիչ, իսկ 1976-1979 թթ. եղել է Հանրագիտարանի պատասխանատու քարտուղարն ու գլխավոր խմբագրի տեղակալը:

Վախճանվել է 2001 թվականին:
Հայկ Խաչատրյանը բազմաթիվ վեպերի, պատումաշարերի, գրական այլ գործերի և մատենագիտական աշխատությունների հեղինակ է:

Էդուարդ Հովհաննեսի Սամվելյան



Առողջապահական համակարգի հայտնի գործիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:

Ծնվել է Դահրավում՝ 1936 թվականին:

Ավարտել է գյուղի յոթնամյա դպրոցը, հետո՝ հարևան Բադարայի միջնակարգը:
1965 թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտը:

1965-1969 թթ. աշխատել է որպես Կապանի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ և թերապևտ:
1969 թվականին ընդունվել է Մոսկվայի՝ բժիշկների կատարելագործման կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրա, իրականացրել է գիտամանկավարժական գործունեություն:

1972-ին վերադարձել է Երևան, աշխատել տեղի բժիշկների կատարելագործման ինստիտուտում, սկզբից որպես ասիստենտ թերապիայի կաֆեդրայում, այնուհետև՝ ինստիտուտի պրոռեկտորի՝ գիտական գծով օգնական: Նույն տարում ստեղծել է բժիշկների կատարելագործման ցիկլ՝ բժշկաաշխատանքային փորձագիտության մասով:

Սկսած 1976 թվականից, Հայաստանի կառավարության հրավերով սկսել է աշխատել որպես Հանրապետական բարձրագույն վերահսկիչ բժշկաաշխատանքային փորձագիտական հանձնաժողովի նախագահ, ղեկավարել Հայաստանի բժշկաաշխատանքային փորձագիտական ծառայությունը՝ այդ համակարգում աշխատելով մինչև 1994 թվականը:

Այնուհետև Է. Սամվելյանը տեղափոխվել է Մոսկվա: Այստեղ հաղթելով մրցույթում՝ նա դառնում է Մոսկվայի ինտերվենցիոն կարդիոլոգիայի կենտրոնի գիտա-գործնական կենտրոնի վերականգնողական ստացիոնարի ղեկավարը:

24 գիտական և մեթոդական աշխատանքների ու «Հիպերտոնիկ հիվանդություն, ախտորոշումը, պրոֆիլակտիկան և բուժումը» մենագրության հեղինակն է: Նրա գիտական աշխատանքը նվիրված է էնդոկրինոլոգիային, ինչպես նաև՝ կարդիոլոգիական հիվանդությամբ տառապողների վերականգնման մեթոդներին և ուղիներին:

Գիտական գործունեությունից զատ, Է. Սամվելյանը հայտնի է նաև որպես ընթերցողների շրջանում ջերմ ընդունելություն գտած «Կարոտի կանչ» և «Երկեր» գրքերի հեղինակ:

Է. Սամվելյանի որդին՝ Տիգրանը, իրավագիտության թեկնածու է, աշխատում է ՀՀ արտգործնախարարությունում, դուստրը՝ Թերեզան, արվեստագիտության թեկնածու է, աշխատում է Մոսկվայի՝ Չայկովսկու անվան կոնսերվատորիայում:

Աբել Հովհաննեսի Սամվելյան



Ծնվել է 1938 թվականի փետրվարի 20-ին՝ Դահրավում:

1955-ին ավարտել է Բադարայի միջնակարգ դպրոցը, 1960-ին՝ Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը՝ ստանալով գիտնական ագրոնոմի որակավորում:

1960-1962 թթ. աշխատել է Աստղաշենի (նախկին Դաշպուլաղ) «Հոկտեմբերի 40 ամյակի անվան միացյալ կոլտնտեսություն»-ում, որպես գլխավոր ագրոնոմ:

1962 թվականին աշխատանքի է անցել Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում, որպես «Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման և պլանավորման» ամբիոնի կաբինետի վարիչ:

1963-1966 թթ. սովորել է նույն ամբիոնի ցերեկային ուսուցման ասպիրանտուրայում:
1969-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսության թեզ՝ ստանալով տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1978-ին ԽՍՀՄ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կողմից նրան շնորհվել է դոցենտի կոչում՝ վիճակագրության գծով:

1970 թվականից անընդմեջ վիճակագրական առարկաներ է դասախոսել Հայաստանի Ազգային ագրարային համալսարանում (ՀԱԱՀ):

1981-1983 թթ. աշխատել է Աֆղանստանում: Եղել է Քաբուլի պետական համալսարանի «Վիճակագրության և էկոնոմետրիայի» ամբիոնում խորհրդական, պրոֆեսորի պաշտոնակատար: Համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների համար հրատարակել է ուսումնական երկու ձեռնարկներ, կազմել վիճակագրական 11 անվանում առարկաների ուսումնական ծրագրերը, կազմել և հաստատել է «Վիճակագրություն» մասնագիտության 5-ամյա ուսուցման անցման ուսումնական պլանը: Այստեղ Ա. Սամվելյանը բեղմնավոր և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրվել է Աֆղանստանի Դեմոկրատական Հանրապետության Բարձրագույն կրթության նախարարության պետական պատվոգրով:

1987-2002 թթ. և 2008-ից եղել է ՀԱԱՀ Տնտեսագիտության ու Ագրոբիզնես և շուկայաբանություն ֆակուլտետների գիտական խորհրդի քարտուղարը:

2002-2003 թթ. աշխատել է որպես ՀԱԱՀ նորաստեղծ «Վիճակագրության և բիոմետրիայի» ամբիոնի վարիչի պաշտոնակատարը, որտեղ և վարել է դոցենտի պաշտոն:

Հրատարակված 60-ից ավելի գիտական աշխատանքների, 2 ուսումնական ձեռնարկների, 27 գիտական հոդվածների, 33 ուսումնամեթոդական մշակումների և 14 անվանում ծրագրամեթոդական աշխատանքների հեղինակ է:

Բենիկ Հովհաննեսի Բախշիյան


Պետական, տնտեսական գործիչ:

Ծնվել է 1955 թվականի հունվարի 10-ին՝ Դահրավում:

1972-ին ավարտել է Ստեփանակերտի թիվ 2 միջնակարգ դպրոցը:

1981-ին գերազանցության դիպլոմով ավարտել է Երևանի գյուղատնտեսական ինստիտուտը, ընդունվել Հայաստանի Գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտի ասպիրանտուրան:

Ուսումնառությունն անց է կացրել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի Գլխավոր բուսաբանական այգում (Մոսկվա):

Ասպիրանտուրան ավարտելուց հետո անմիջապես հաջողությամբ պաշտպանել է գիտական ատենախոսություն՝ ստանալով կենսաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

1984-1988 թթ. աշխատել է Հայաստանի Գիտությունների ակադեմիայի բուսաբանության ինստիտուտում, որպես գիտաշխատող: 1988 թվականից ընտանիքով ապրել է Արցախում:

2001-2005 թթ. Եղել է Արցախի Հանրապետության Գյուղատնտեսության նախարարը:
2005-2010 թթ. Արցախի Ազգային ժողովի պատգամավոր էր:

Դահրավցի են նաև պետական-կուսակցական գործիչ, Արցախյան շարժման հիմնադիրներից Սլավիկ Առուշանի Առուշանյանը, Էնդոկրենոլոգ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Կուալիս Վիտա» բժշկական կենտրոնի տնօրեն Սերգեյ Ալեքսանդրի Ներսիսյանը, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լուսիկ Գրիգորի Հախումյանը, Ստեփանակերտի շրջսովետի գործկոմի նախագահ Ասլան Բաբաջանի Խաչատրյանը։

Կարեն Միրզոյան

Շարունակելի

Ակնարկի նախորդ մասը՝ այստեղ:




Ամենից շատ դիտված