Արցախյան պատերազմ 1988 թվականի փետրվարին Արցախի ժողովուրդը ոտքի կանգնեց՝ պաշտպանելու սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու և պատմական հեռանկարը կերտելու իր իրավունքը: Արցախցիների արդարացի պահանջը կայանում էր նրանում, որ ուզում էին միանալ մայր Հայաստանին: Ազատատենչ ժողովրդի սահմանադրական պահանջն այն աստիճանի էր օրինական, նրա պայքարն իրավական տեսակետից այն աստիճանի էր անթերի, որ Մոսկվայում ոմանք կատակում էին՝ Армяне Перестройку восприняли всерьез (հայերը Վերակառուցումը լուրջ են ընդունել):
Արցախցիների սահմանադրական պահանջը Կենտրոնի կողմից անտեսվեց: Ամեն կերպ փորձ էր արվում Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը թողնել Ադրբեջանի կազմում: Քիչ անց արդեն, երբ փլուզվում էր ԽՍՀՄ-ը, փլատակների տակ հայտվելու վտանգից խույս տալու համար, 1991-ի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախության մասին: Իսկ նույն թվականի դեկտեմբերի 2-ին էլ մարզի տարածքում անցկացվեց անկախության հանրաքվե, որի արդյունքում քվեարկությանը մասնակցածների 99.89 տոկոսը քվեարկեց անկախանալու օգտին: Սկսած 88-ից մինչև Հանրաքվեն, Արցախյան շարժման առաջնորդները միջազգային իրավունքի և ԽՍՀՄ օրենքների տեսանկյունից ամեն ինչ անթերի էին արել: Բայց... հենց անմիջապես սկսվում է պատերազմը... Նորաստեղծ հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի վրա բոլոր կողմերից թափվում էր օրական մինչև 1200 արկ…
Մինչ այդ արդեն դահրավցիները ոտքի էին կանգնել: Նրանք պահպանում էին գյուղի ֆերմաներն ու գյուղ մտնող ճանապարհները: Կազմավորված ինքնապաշտպանական առաջին ջոկատում կային ութ հոգի: Քիչ անց արդեն նորաստեղծ հանրապետության սահմաններն անառիկ պահող Դահրավի վաշտում մարտնչում էին մոտ 120 մարտիկներ, որոնց մեջ ընդգրկված էին նաև հարևան գյուղերից: Վաշտի հրամանատարն Էդիկ Խաչատրյանն էր:
Դահրավը բուն ռազմական գործողությունների թատերաբեմում չէր, բայց դահրավցին նույնպես անմնացորդ տրվել էր հայրենիքի պաշտպանության և ազատագրության սուրբ գործին: Գյուղը 20-ից ավելի զոհ տվեց:
Բենիկ Մուրադի ՀակոբյանԾնվել է 1961 թվականի օգոստոսի 5-ին՝ Դահրավում:
Սովորել է գյուղի ութամյա դպրոցում, այնուհետև ավարտել է Պատարայի միջնակարգ դպրոցը:
1979-1981 թթ. ժամկետային զինվորական ծառայությունն անցել է Օրենբուրգում:
Պատերազմի հենց սկզբում ադրբեջանցիները գրավել էին Սարին շենի (Հադրութի շրջան) հեռուստաաշտարակը։ Ամեն օր Արցախի համար սփռվող հեռուստահաղորդումների ժամանակ տարվում էր մոլեգին քարոզչական աշխատանք, որն արցախցիներին ահաբեկելու, համոզելու նպատակ ուներ: Պատմում են նույնիսկ, որ հեռուստատեսությամբ մեկն ասել էր, թե՝ հայեր, ձեզ արդեն պարկի մեջ ենք դրել, մնում է այն կապենք: Այդ ժամանակ դեռ չէր կազմավորվել Պաշտպանության բանակը, կային ընդամենն ինքնապաշտպանական ջոկատներ: Դահրավի ջոկատի հրամանատարը Բենիկ Հակոբյանն էր:
Եվ ջոկատում էլ ընդգրկված էին մարտիկներ այլ գյուղերից: Մեր ուժերն իրենց առջև խնդիր էին դրել հետ գրավել հեռուստաաշտարակը՝ հարակից տարածքներով: Գործողության ընդհանուր հրամանատարը լեգենդար Կոմանդոսն էր (գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյան): Նրա վկայությամբ, նոյեմբերյան մի ամպամած օր ձեռնարկվեց հեռուստաաշտարակը հակահարձակմամբ ազատագրելու օպերացիան: Պետք էր ամեն ինչ այնպես կազմակերպել, որ և զոհերը քիչ լինեին, և աշտարակն անվնաս մնար:
-Բենիկն այս մարտում իր ջոկատով անօրինակ քաջագործությամբ մեծապես նպաստեց հեռուստաաշտարակի տարածքի ազատագրմանը,- պատմում է գեներալը:
Նա մասնակցել է բազմաթիվ բնակավայրերի ազատագրմանը: Երբ հայկական ուժերը վնասազերծում էին պատուհաս դարձած Խոջալուն, նրա հրամանատարությամբ գործող վաշտն անձնուրացաբար պաշտպանում էր Նախիջևանիկ, Սառնաղբյուր, Արանզամին և Քյաթուկ գյուղերը: 1992 թվականի հունիսի 14-ն էր: Բենիկը տղաների հետ նահանջում է Քյաթուկ գյուղի ուղղությամբ: Հենց այդ ժամանակ հակառոկորդը սկսում է ինտենսիվորեն հրետակոծել ականանետներով։ Զոհվում են Բենիկն ու Գարիկ Խաչատրյանը։ Նրանք Դահրավի առաջին կորուստներն էին ազատագրական պատերազմում:

Լուսանկարում՝ Բենիկ Հակոբյան, Գարիկ Խաչատրյան
Գարիկ Ալեքսեյի Խաչատրյան Ծնվել է 1970 թվականի ապրիլի 6-ին՝ Դահրավում: Ավարտել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը: Արցախյան շարժման անդամ էր, ակտիվորեն մասնակցել է նաև ընդհատակյա պայքարին:
Մարտնչել է հիմնականում Հադրութի շրջանում, մասնակցել շրջանի գյուղերի ազատագրական մարտերին:
Զոհվել է 1992 թվականի հունիսի 14-ին՝ Ուղտասար (Շելլու) գյուղի մատույցներում:
Քանաքարա Մուշեղի Ղարայան Ծնվել է Դահրավում՝ 1948 թվականին: Ավարտել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանը, ինչից հետո էլ որպես բուժքույր է աշխատել Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում:
Երբ սկսվեց պատերազմը, Քանաքարան առանց երկմտելու մեկնեց ռազմի դաշտ՝ իր գիտելիքներով ու հմտությամբ նպաստելու զինվորական բժշկության կայացմանը:
Զոհվել է 1992 թվականի հուլիսի 13-ին՝ Ասկերանի Փառուխ գյուղի մոտ:
Քանաքարա Ղարայանն Արցախյան պատերազմի առաջին կին զոհն էր:
Սերգեյ Առուշանի Առուշանյան Նա Արցախյան շարժման առաջամարտիկ Սլավա Առուշանյանի եղբայրն էր:
Ծնվել է 1953 թվականի փետրվարի 19-ին:
1972-1974 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Աշխատել է ռադիոհեռուստատեսության համակարգում: Ամուսնացած էր մասնագիտությամբ բուժքույր, համագյուղացի Նաիրա Ներսիսյանի հետ: Ունեցել են երեք որդի:
Արցախյան շարժման հենց սկզբից զինվորագրվել է պայքարին, մասնակցել գյուղի սահմանների պաշտպանությանը:
Զոհվել է 1990-ի փետրվարի 18-ին, իր սեփական ավտոտնակում ինքնաշեն նռնակ պատրաստելիս: Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով:
Ալեքսանդր Գեորգիի Գասպարյան Ծնվել է 1959 թվականի հուլիսի 27-ին: Մինչև պատերազմն ապրել է Բաքվում, որտեղ աշխատում էր կենցաղսպասարկման ոլորտում: 1988-ի աշնանը վերադարձել է Արցախ:
Մասնակցել է Խոջալուի, Կրկժանի, Շուշիի, Լաչինի, Աղդամի, Մարտակերտի, Ֆիզուլիի և այլ բնակավայրերի համար մղված մարտերին:
Զոհվել է 1993-ի դեկտեմբերի 25-ին՝ Ժդանովի շրջանում:
Վահրամ Էդուարդի Բարսեղյան Ծնվել է 1968 թվականին: Մասնակցել է մի շարք մարտերի: Զոհվել է Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի համար մղված մարտում:
Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին և «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշաններով:
Արամայիս Ալեքսանդրի Խաչատրյան Ծնվել է 1969 թվականին՝ Սումգայիթում:
1987-1989 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Սումգայիթյան հայտնի իրադարձություններից հետո (1988 թվականի փետրվարի վերջին օրերին տեղի հայ ազգաբնակչությունը ենթարկվում է ջարդերի, ինչի արդյունքում զոհվում են մի քանի հարյուր հոգի) նրա ընտանիքը տեղափոխվում է Կապան:
Մասնակցել է բազմաթիվ մարտերի:
Զոհվել է 1993 թվականին, թաղված է Կապանում:
Արամ Գեորգիի ՆերսիսյանԾնվել է 1970 թվականի ապրիլի 29-ին՝ Ասկերանի Քյաթուկ գյուղում:
Երբ ինտենսիվ հրետակոծությունների պատճառով Քյաթուկում մնալն արդեն հնարավոր չէր, շատերի պես Ներսիսյանների ընտանիքը ևս լքեց հայրենի գյուղը: Նրանք հիմնավորվեցին Դահրավում: Արամն անմիջապես անդամակցում է «Դվին» ջոկատին:
Զոհվել է 1992 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Քարագլուխ կոչվող տեղամասում:
Հանգչում է Դահրավում:
Վալերի Գարեգինի Դանիելյան Ծնվել է 1957 թվականի մայիսի 1-ին:
Սովորել է Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանում:
Ծառայել է 3-րդ գումարտակում:
Զոհվել է 1993 թվականի հուլիսի 22-ին:
Ալբերտ Էռնիկի Դավթյան Ծնվել է 1969 թվականի մարտի 3-ին՝ Բաքվում:
1987-1989 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Ինքնապաշտպանական գործի առաջամարտիկներից էր: Մասնակցել է բազմաթիվ մարտերի:
Զոհվել է 1994 թվականի հունվարի 3-ին, Մարտակերտի շրջանում:
Ալիկ Գրիգորի Հակոբյան Ծնվել է 1962 թվականի ապրիլի 1-ին՝ Դահրավում:
1980-1983 թթ. ծառայել է խորհրդային բանակում:
Ստացել է միջնակարգ-մասնագիտական կրթություն, աշխատել է պետավտոտեսչությունում, որպես տեսուչ:
Պատերազմի ժամանակ մարտնչել է բազմաթիվ վայրերում, զոհվել է 1994 թվականի մարտի 6-ին՝ Հորադիզի մոտ՝ դիպուկահարի կրակոցից:
Հետմահու պարգևատրվել է «Շուշիի ազատագրության համար» մեդալով:
Հանգչում է Դահրավում:
Հետմահու արժանացել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանի և «Արիության համար» մեդալի:
Գարիկ Յուրիի Ներսիսյան Ծնվել է 1963 թվականի հունվարի 23-ին՝ Դահրավում:
Հայրենի գյուղի ութնամյա դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկում, որն ավարտելուց հետո աշխատել է ավտոնորոգման գործարանում:
1981-1983 թթ. ժամկետային զինվորական ծառայությունն անցել է Մոսկվայի մարզում:
Զոհվել է 1992 թվականի օգոստոսի 26-ին՝ Կարագյավի մոտ:
Կարեն Միրզոյան
Շարունակելի
Ակնարկի նախորդ մասը՝ այստեղ: