Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է մարտի 17-ի լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․
Ադրբեջանի պաշպտանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երեք հաղորդագրություն է տարածել՝ հայկական կողմին մեղադրելով սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այս հայտարարությունները, պնդել՝ Ադրբեջանը կրկին ապատեղեկատվություն է տարածում: Կրակոցների մասին Բաքվի հայտարարությունները հնչում են հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի համաձայնեցումից հետո: Երևանը պատրաստ է այն ստորագրել, Բաքուն մինչ այդ հայկական կողմից պահանջում է փոխել Սահմանադրությունը, լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Հայաստանի իշխանությունները, որոնք ոգևորված են Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու հեռանկարից, նշում են, որ սահմանային կրակոցների մասին կեղծ պնդումները չեն նպաստում խաղաղության հաստատմանը:
Արցախից բռնի տեղահանված 29-ամյա Տիգրան Ուլուբաբյանին իր Բարեկամի տան վրա ավազակային հարձակումից հետո կանչել են Քննչական կոմիտե, ապա նաև Ոստիկանության Լոռու մարզային վարչություն՝ մեղադրելով նրան, թե կապ ունի իր բարեկամի տան վրա կատարված ավազակային հարձակման հետ։ Տիգրանը պատմում է՝ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում իր նկատմամբ բռնություն են կիրառել, հայհոյանքներով ու անհարգալից վերաբերմունքով ստիպել խոստովանական ցուցմունք տալ: «Իրանք են էսօր բեսպրիդելություն սարքում էս քաղաքում, մեր բարեկամների տուն մտել են ռազբոյ արել, իրանք էլ իմ վրա են ռազբոյ անում: Ոստիկանության աշխատողը գալիս ա անհիմն, առանց թուղթ, առանց բան, գիտեի, որ մենակ տղա եմ, առաջին օրը հարցաքննել ա, ասել եմ՝ մենակ եմ ապրում, ասել ա՝ էդ ա էլի, տանենք տփենք, գլխին սարքենք, պրիզնատ գա, գործը փակենք գնա»,- նշել է արցախցի երիտասարդը։ Արցախցի երիտասարդը Արցախից տեղահանվել է 2023 թվականին, Արցախում է թողել ծնողների և եղբոր գերեզմանները, այժմ վարձով բնակվում է Վանաձորի այն թաղամասում, որտեղ երեք օր առաջ տեղի է ունեցել զենքի գործադրմամբ ավազակային հարձակման ու գողության դեպքը: Տղայի խոսքով՝ ոստիկանները հենց իր միայնակ ապրելու փաստն են շահարկել ու փորձել օգտագործել իրենից խոստովանական ցուցմունք կորզելու համար:
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է Հայաստանի և Ադրբեջանի Սահմանադրությունները ուղարկել Վենետիկի հանձնաժողով՝ փորձաքննության։ «Մենք պատրաստ ենք քննարկել, հասկանալ, արդյոք օրինակ Հայաստանի Սահմանադրության մեջ, որ իրենք մեղադրում են տարածքային պահանջների մեջ, տենց բան կա՞, թե՞ չկա: Արդյոք իրենց Սահմանադրության մեջ նման բան կա՞, թե՞ չկա: Եվ վերջիվերջո էդ հարցը ո՞նց է լուծվելու: Մենք առնվազն ասում ենք, որ էդ հարցը արդեն լուծել ենք խաղաղության պայմանագրի մեջ... Վերջիվերջո մենք կարող ենք փորձաքննության ուղարկել 2 երկրների Սահմանադրությունները՝ պարզելու, թե արդյոք այդ պնդումները իրականության հետ աղերս ունեն, թե՝ չէ։ Օրինակ՝ կարող ենք ուղարկել Վենետիկի հանձնաժողով մեր 2 երկրների Սահմանադրությունները և հարց ուղարկել, թող Վենետիկի հանձնաժողովը պայմանական ասի՝ նման բան կա, թե՝ չէ», - ասել է նա։
Նիկոլ Փաշինյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում Կառավարությանը կառաջարկի Արթուր Նահապետյանի թեկնածությունը։ Ներկայումս Նահապետյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է։ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախորդ օրերին երկուական առանձին հանդիպումներ է ունեցել թեկնածուների հարցազրույցի փուլն անցած երեք թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի, Գևորգ Քոչարյանի հետ և որոշել է կառավարությանն առաջարկել Նահապետյանի թեկնածությունն, ով թե՛ հանրագումարով, թե՛ բարեվարքությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցութային փուլում։ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար 5 թեկնածուներ էին պայքարում, որոնցից 3-ը հաղթահարել էին քննությունը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնը թափուր է անցած նոյեմբերից, երբ Փաշինյանը SMS-ով հորդորեց կոմիտեի ղեկավար Սասուն Խաչատրյանին հրաժարական տալ:
Մանրամասները՝ տեսանյութում: