Ո՞ր մեղքի համար է զղջալու հայ պաշտոնյան Մեծ Պահքի 48 օրերին 
copy image url

Ո՞ր մեղքի համար է զղջալու հայ պաշտոնյան Մեծ Պահքի 48 օրերին 

Ներքին Միտք 1 ամիս առաջ - 09:00 04-03-2025
Քրիստոնյաները սրբորեն հետևում են կրոնական ծեսերին։ Այս հարցում քաղաքական ղեկավարները ժողովրդին օրինակ են ծառայում։ Այսպես է քրիստոնեություն ընդունած երկրներում։ Հաշվի առնելով, որ Հայաստանը 301 թվականին է պետականորեն ընդունել քրիստոնեությունը, իսկ ՀՀ իշխանությունը հպարտորեն է հիշում այդ պատմական փաստը, ապա հայ պաշտոնյան պարտավոր է առաքինի վարքով օրինակ ծառայել ժողովրդին, հատկապես՝ Մեծ Պահքի օրերին։

Պահեցողությունը առիթ ու հնարավորություն է սրբվելու մեղքից ու ապրելու Աստծո պատվիրաններով։ Մարտի 3-ին՝ Մեծ Պահքի առաջին օրն, ասել է Վեհափառն իր ուղերձում։ Մեծ Պահքը տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն։ Սա բավական երկար շրջան է, որ Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, բարձր պաշտոնյաները աղոթեն, ապաշխարեն, զղջան իրենց կատարած սխալների, մեղքերի, ժողովրդին պատճառած վնասների, կորուստների, դժվարությունների համար։

Վերջին շրջանում հանրությանը հայտնի սկանդալային առիթներով ժողովրդից պարբերաբար ներողություն է խնդրում Տիգրան Ավինյանը։ Նիկոլ Փաշինյանը քաղաքականություն, դիրքորոշում փոփոխելու մասին խոսելիս, բազմիցս խոստովանել է, որ նախկինում տարբեր պատճառներով սխալներ է գործել Արցախի, արտաքին քաղաքականության, անվտանգության, կրթության և այլ հարցերում։

Օրինակ՝ Տիգրան Ավինյանը կարող է աղոթել ու զղջալ տրանսպորտի թանկացման համար, Երևանի փողոցների աննորմալ խցանումների, անխնամ մնացած այգիների, աղբավայրերի գարշահոտության, քաղաքում չպակասող մահացու փոշու, հարկատուների միջոցներն անարդյունավետ ծախսելու ու նման սխալների համար։ Իսկ Նիկոլ Փաշինյանն, ընդդիմախոսների կարծիքով՝ այնքան սխալներ է արել, որ Մեծ Պահքի 48 օրերը առավոտից երեկո կարող է աղոթելով անցկացնել կառավարական առանձնատնից ոչ հեռու գտնվող Սուրբ Հովհաննես եկեղեցում։

Ալեն Սիմոնյանը կարող է զղջալ քաղաքացու վրա թքելու, լրագրողների նկատմամբ բռնություն կիրառելու համար։ ՔՊ-ականները կարող են զղջալ, որ կարդացել են Հովիկ Աղազարյանի անձնական նամակները։ ՔՊ-ական մանր ու սակավակիրթ պաշտոնյաները կարող են զղջալ եկեղեցու և հոգևորականների նկատմամբ սխալ բաներ խոսելու համար։ Գրեթե բոլոր ՔՊ-ականները կարող են ծնկաչոք ներում խնդրել ժողովրդին տված խոստումները չկատարելու, մարդկանց մոլորեցնելու համար։

Խորհրդարանական ընդդիմությունը ևս Մեծ Պահքի 48 օրերը կարող է անցկացնել քրիստոնեաբար։ Նրանք էլ կարող են ներողություն խնդրել, որ չեն արդարացրել իրենց ընտրողների հույսերը։

Զղջալու ծանր պատճառ ունեն ոստիկանները։ 2024-ին հունիսի 12-ին խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառված բռնության համար ոստիկանները կարող են ներում խնդրել Բարձրյալից, հրապարակավ խոստանալով, որ այսուհետև նռնակներ չեն նետի ժողովրդի վրա։ ԱԱԾ պետն էլ կարող է ներում խնդրել, որ չի կատարել գերիների և անհետ կորածների հարազատներին տված խոստումը։

Կարճ ասած՝ գրեթե բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաները զղջալու, ապաշխարելու պատճառներ ունեն։ Մեծ Պահքի 48 օրերին նրանք աշխատանքից հետո և շաբաթ ու կիրակի կարող են այցելել եկեղեցի, աղոթել։ Հավատացյալները նրանց կարող են տեսնել եկեղեցինում, մատուռներում ծնկաչոք ապաշխարելիս, նրանցից օրինակ վերցնել և զղջալ ու ապաշխարել իրենց գործած մեղքերի, սխալների համար։ Չի բացառվում, որ որոշ մարդիկ կներեն ծնկաչոք ապաշխարող ՔՊ-ական պաշտոնյաներին, նույնիսկ՝ Նիկոլ Փաշինյանին, երբ տեսնեն, թե ինչ անկեղծորեն են զղջում ժողովրդին պատճառած աղետների համար։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված