Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նախօրեին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց, որ առատ ձյան ժամանակ առաջացած խցանումների 80%-ն ամառային անվադողերով երթևեկելու և ԱՊՊԱ-ների հետևանքով է եղել։
Նրա խոսքով՝ «իրար մի թեթև քսված մեքենաները ստիպված են եղել ժամերով սպասել», և որ ԱՊՊԱ համակարգը Երևանի համար աղետ է։ Լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան՝ ՆԳՆ-ից հայտնել են, որ Փետրվարի 20-24-ը՝ մինչև ժամը 08:00-ն, Երևանում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 482 պատահար։
Նշված 482 պատահարի հաշվառմամբ՝ ընդամենը 1 տրանսպորտային միջոց եղել է ամառային անվադողերով, իսկ 8 մեքենա եղել է ձմեռային մաշված անվադողերով։ Միաժամանակ՝ նույն ժամանակահատվածում Երևանում պարեկները ստուգել են 193 տրանսպորտային միջոց, որոնցից 15-ը եղել են ձմեռային մաշված անվադողերով։
Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ո՞վ է Ձեզ համար ավելի վստահելի՝ Ավինյանը, թե՞ Ոստիկանությունը»։
Հարցվածների մեծամասնությունը նշեց, որ այդ երկուսից ոչ մեկը վստահելի չեն։ «Ոչ էն, ոչ մյուսը։ Դե եթե վստահություն չեն ներշնչում, ոնց ասեմ վստահում եմ»,-պատասխանեց քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ երկուսին էլ չի վստահում։
«Ոչ մեկ։ Ինձ թվում ա՝ վստահելի չեն երկուսն էլ։ Ամեն ինչը հաշվի առնելով՝ հիմա ոչ մեկ վստահելի չէ»,- ասաց նա։
Հարցվածներից մեկն էլ նշեց, որ հավասարաչափ է վստահում երկուսին։ «Երկուսն էլ հավասարաչափ վստահելի են»,-ասաց նա։ «Ճիշտն ասած՝ չեմ ճանաչում երկուսին էլ»,- պատասխանեց մեկ այլ անցորդ։
Մանրամասները` տեսանյութում։