Այդ հայտարարությունը ես գնահատում եմ որպես խոչընդոտ Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումներին: Այս մասին այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանում ընթացող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի շրջանակներում Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությանը, թե իրենք սպասում են, որ Հայաստանը կհաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը սահմանադրության փոփոխությունների միջոցով՝ օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից:
«Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ, ես այդպես եմ դա գնահատում»,-ասաց նա: Եղոյանը նաեւ նշեց. «Խաղաղության համաձայնագրի նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, երկուսը համաձայնեցված չեն և դրանցից ոչ մեկը չի վերաբերում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը»: