Կառավարությունը որոշում է կայացրել՝ սահմանելով էլեկտրամոբիլների ներմուծման համար քվոտաներ։ Ըստ որոշման՝ խոշոր դիստրիբյուտորների համար սահմանվել է 3000 մեքենա, իսկ փոքր ներկրողների համար՝ 5000 մեքենա։
Փետրվարի 14-ի դրությամբ ներկրողներին տրված 5000 մեքենայի սահմանաչափից արդեն 4100 մեքենա է ներկրվել, որը կազմում է 81%, մինչդեռ խոշոր ներկրողներին տրված 3000 մեքենայից ներկրվել է ընդամենը 400-ը՝ 14%։ Արդյունքում քվոտայի օգտագործման անհավասար պատկեր է ստացվել։
Տարածվել են լուրեր, ըստ որոնց՝ դիստրիբյուտորական պայմանագիր ունեցող ընկերությունները սկսել են մեքենաներ ներկրել փոքր ներկրողներին տրված 5000 քվոտայի հաշվին և իրենց 3000 մեքենայի քվոտան էլ պահել են ապագայի համար։
Oragir.News-ը խնդիրը հասկանալու համար զրուցել է ներկրող փոքր ընկերությունների հետ։ Նրանք նշեցին, որ ՊԵԿ-ի պաշտոնական տվյալներով՝ փետրվարի 14-ի դրությամբ 5000 մեքենայի սահմանաչափից մնացել է 1000-ից էլ քիչ, և սա կասկածներ է հարուցում, քանի որ ընդամենը 2 ամսվա ընթացքում հնարավոր չէր, որ քվոտաները նման արագությամբ սպառվեին։
Ընկերություններից մեկից էլ նշեցին, որ լուրեր են տարածվել, ըստ որոնց՝ 3000 քվոտան կարող է կիսվել խոշոր դիստրիբյուտորների և փոքր ներկրողների միջև։
Խոսելով օրենքի արդյունավետության մասին՝ ներկրողները նշեցին, որ դրա հետևանքով գնաճ է տեղի ունեցել. եթե նախկինում մեքենան ներկրում էին ավելի էժան, հիմա 15 տոկոսով գինը թանկացել է։