2021 թվականի պատկերը փորձում են իշխանական շրջանակները բացատրել հենց նախկինի և նորի անկյան տակ. Իմ տպավորությամբ, ամենից մեծ ազդեցություն ունեցել է պատերազմով ժողովրդի վախեցնելու գործոնը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ 2021-ի ընտրություններում ընդդիմությունը պարտվեց, քանի որ իշխանության հակառակորդը նախկին իշխանությունն էր:
«Այդ գործոնը ևս նշանակություն անկասկած ունեցել է, բայց կրկնեմ, ամենից մեծ ազդեցությունը եղել է ժողովրդի պատերազմով վախեցնելու հանգամանքը։ Իմ կերպարը ներկայացվում էր որպես մարտնչող կերպար, երբեք չի հարմարվի Ղարաբաղի մի մասի գոնե կորուստի հետ, անելու է ամեն ինչ Հայաստանի դիրքերը ուժեղացնելու համար և սա բերելու է պատերազմի։ Սա էր հիմնական թեզը: Այստեղ երկուսը մեկում են արել. Հնի և նորի և պատերազմով վախացնելու հանգամանքը միացրել են իրար։ Կարո՞ղ են նույնը փորձել անել, այո, կարող են։
Բայց հիմա փորձենք ավելի լայն կոնտեքստով այս հարցը դիտարկել. հիմա Թրամփը նո՞ր է, թե՞ հին։ Պարտվելով ընտրություններին Բայդենին, ավելի համոզիչ հաղթանակ կրելով այս ընտրությունների ժամանակ, նոր է թե հինը։ Մեկ այլ օրինակ բերեմ։ Բրազիլիայի այսօրվա նախագահ Լուլա դե Սիլվան եղել է նախագահ երկու ժամկետ, հետո երեք նախագահ է եղել իրենից հետո, հիմա նորից ինքը վերընտրվել է: Հիմա ինքը հի՞ն է, թե՞ նոր է։
Հնարավո՞ր է համեմատել Թրամփի արդյունավետությունը հիմա և անցած ժամանակակից ազատումը։ Սարերի ու ձորերի տարբերություն է: Այն տեմպը, որ այս մարդը հաղորդեց, ուղղակի դժվար էր մի քիչ պատկերացնել, որ կարող է սա անել։ Ես Թրամփի երկրպագուն չեմ եղել, բայց այն ինչ որ անում է հիմա, իսկապես հարգանքի է արժանի: Որպեսզի Deep State կոչեցյալը չկարողանա խանգարել, այնպիսի մարդկանց նշանակեց, որ ուղղակի քարուքանդ անելով գնում է:
Օրինակ բերել, որ մի անգամ այսպես է եղել, ուրեմն այսպես է լինելու, սա ուղղակի ռացիոնալ մոտեցում չէ: Մենք ունենք լրիվ այլ օրինակներ և ինչի՞ ենք մտածում, որ Հայաստանում անպայման վատ սցենարը կաշխատի»,-ասաց Քոչարյանը: