Գրիգորյան-Մուսթաֆաև օնլայն հանդիպումը, Սրբազանի ուղերձը, Ռուբեն Մխիթարյանի դեմ արշավը. Ամփոփ լուրեր

Ներքին 2 ամիս առաջ - 20:00 15-02-2025
Oragir.News-ն ամփոփ ներկայացնում է փետրվարի 15-ի ամփոփ լուրերը՝ լրագրող Արփինե Նավասարդյանի մեկնաբանությամբ․

Այսօր Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի շրջանակներում: Այս մասին հաղորդում է Հայաստանի արտգործնախարարությունը։ «Հանդիպման ընթացքում Կողմերը քննարկել են սահմանազատման համալիր աշխատանքների անցկացման համար անհրաժեշտ ուղեցույցների նախագծերը, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հանձնաժողովների հաջորդ առկա ձևաչափով հանդիպման կազմակերպմանն առնչվող հարցերի շուրջ: Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվն ու վայրը», - ասված է պաշտոնական հաղորդագրությունում: ԱԳՆ-ից այլ մանրամասներ չեն հայտնել:

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ: Հայաստանի կառավարությունից հայտնում են, որ Փաշինյանն առողջություն է մաղթել Մյունխենում օրերս տեղի ունեցած միջադեպից տուժածներին: Կողմերը քննարկել են Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների օրակարգը և բազմոլորտ համագործակցության խորացման հեռանկարները: Փաշինյանը կարևորել է երկկողմ կապերի ընդլայնումն ու առևտրատնտեսական կապերի ակտիվացումը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերին: Կողմերը վերահաստատել են փոխգործակցության խորացման պատրաստակամությունը և կարևորել երկկողմ քաղաքական երկխոսության շարունակականությունը, ասված է պաշտոնական հաղորդագրությունում:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր ուղերձով դիմել է հանրությանը, անդրադարձել երկրին սպառնացող վտանգներին։ «Սրանք տարիներով խոսում էին, որ Սյունիքի «միջանցք» գոյություն չունի, այդպիսի երևույթ չկա, իսկ այսօր բացահայտ խոսում են այն հանձնելու մասին: Ոչ մեկին հայտնի չէ, թե ինչ եղանակով են հանձնելու: Նրանք խոսում են ոչ միայն այդ միջանցքի, այլև՝ անկլավների մասին, որի մասին մենք տևական ժամանակ է զգուշացնում ենք: Այսօր որևէ ձևով այլևս չեն կարողանում թաքցնել այն, որովհետև պարտադրված են այն իրագործել: Այս մարդիկ դեռ 2020թ-ից էին խոսում այդ մասին: Մենք, սակայն, իրավունք չունենք դա թույլ տալ, մենք այդ պատճառով ենք ոտքի կանգնել ու դարձյալ պետք է ոտքի կանգնեք, վերացնելու այս չարիքի շղթան»,- ասել է Բագրատ Սրբազանը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում․